ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին այսօր վրդովվեցրել է ասուլիսին լրագրողի հարցն այն մասին, որ օրեր առաջ ինքը հայտարարել էր, թե 3 օրով միանալու է հացադուլի դիմած նախագահի մեկ այլ թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, սակայն դա արել էր մի քանի ժամով:
«Խնդրում եմ շատ ուշադիր եղեք, իմ ասածները ճիշտ հասկանալը ձեր համար խիստ օգտակար կլինի, ուրիշ բան չեմ ասի», – եղել է Հայրիկյանի պատասխանը, ինչից հետո լրագրողը կրկնել է հարցը:
«Կռիվ կանես ձեր տանը, աղջիկ ջան», – դիմելով լրագրողին՝ ասել է նախագահի թեկնածուն:
Այնուամենայնիվ, երբ լրագրողները պնդել են, որ բանախոսը պատասխանի հնչեցրած հարցին, նա ասել է.
«Սիրելի բարեկամներ, ես հայտարարեցի, որ երեքօրյա չոր հացադուլով միանում եմ Ղուկասյանին: Չոր հացադուլը ինձ համար աննախադեպ բան էր, ես հացադուլներ շատ եմ արել, հացադուլներ արել եմ նույնիսկ 12 օրով, բայց քանի որ Անդրիասին պետք է միանայի ընդամենը 3 օրով, որովհետև ես չեմ կիսում նրա՝ ընտրություններին չմասնակցելու մոտեցումը, բայց համաձայն եմ նրա հետ, որ ընտրություններում ընտրակաշառք բաժանելը հանցավոր արարք է, ու ես միացա: Եթե ինչ-որ մարդիկ լավ չեն հասկացել ինձ կամ ես այնքան նուրբ չեմ արտահայտվել, որ ամեն բան ընկալվի, դրա համար ներողություն են խնդրում, որ ես թույլ եմ արտահայտվել, որ բոլորն հասկացել են, բացի ձեզնից (դիմել է լրագրողին- խմբ.)»:
Հայրիկյանը նաև ավելացրել է, որ ինքը հենց սկզբից նշել էր, թե ունի ժամանակացույց ու այն խախտել չի կարող, ուստի որոշել է հավատարիմ մնալ իր ժամանակացույցին ու այդ ընթացքում Ղուկասյանին բարոյապես աջակցել է տարածության վրա:
«Անդրիասին այդ ընթացքում այցելել եմ 7 անգամ, իր կողքին անց եմ կացրել 2 ժամ, բայց իր հետ եմ եղել կատարյալ այդ 3 օրերը: Ի զարմանս ինձ՝ այդ 3 օրերը ես տարա շատ մեծ դժվարությամբ՝ 3 օրը վերջանալուց հետո գիշերն եմ վատ զգացել՝ անընդմեջ ջրի պահանջ զգալով», – ասել է Հայրիկյանն ու հիշեցրել, որ իր պարտականությունը կատարել է:
Վերջինս ընդգծել է, որ ինքը շատ կարևոր առաքելությամբ է հանդես եկել:
«Նպատակս Ղուկասյանին օրինակ ցույց տալն էր, որ բողոքի ցույցը՝ հացադուլը, կարող է ավարտել ու չգնալ մինչև վերջ՝ ինքնասպանություն», – եզրափակել է բանախոսը: