ԱՄՆ-ում բնակվող իրավապաշտպան, հետաքննող լրագրող Արա Մանուկյանն իր thetruthmustbetold.com կայքում հունվարի 25-ին տեսանյութ է տարածել, որտեղ 3 հարց է ուղղում Սերժ Սարգսյանին:
Տեսանյութը վերնագրված է «Սերժ, ինչպե՞ս մահացավ Վիլիկը. Serzh, how did Vilik die?»: Արա Մանուկյանը պատմում է, որ 2006 թվականի ապրիլի 4-ին ինքը հանդիպել է ամերիկահայ հայտնի բարերար Վարդգես Պարսամի հետ, ում հետ զրուցել է Լազերային տեխնիկայի ինստիտուտի հիմնադիր և տնօրեն Վիլիկ Հարությունյանի մահվան մասին:
Մանուկյանը ներկայացրել է զրույցից մի հատված.
-Ո՞վ սպանեց նրան, քո կարծիքով:
-Կարծում եմ, Սերժը:
-Իսկ ինչո՞ւ պիտի Սերժը սպաներ նրան: Ի՞նչ գիտեր նա:
– Նա վաճառեց իր գործարանը: Վիլիկը… Նա հույներին էր, կարծեմ, ներգրավել գործի մեջ:
-Սերժը ներգրավե՞ց:
-Եվ… Նա նրանց հետ գործարք էր կնքել: Իսկ Վիլիկը միակ վկան էր: Այնպես որ, նրա առողջությունը հանկարծակի վատացավ:
-Փաստորեն, Սերժը միգուցե հավանաբար դա արեց, որպեսզի…
-Որովհետև նա չէր ուզում որևէ վկա լինի այն փաստով, թե քանի միլիոն դոլար նա աշխատեց այդ գործարքի վրա:
Այս հատվածը մեջբերելուց հետո Արա Մանուկյանը պատմում է հետևյալը. «2000 թ. օգոստոսի 19-ին Վիլիկ Հարությունյանը անսպասելի հանդիպում ունեցավ Սերժ Սարգսյանի հետ Լազերային տեխնիկայի ինստիտուտի իր գրասենյակի մեջ: Կես ժամ հետո Վիլիկը գտնվեցավ մեռած իր գրասենյակի մեջ: Սերժ Սարգսյան, ինչո՞ւ վաճառեցիր Լազերային տեխնիկյաի ինստիտուտը հույներին, ինչո՞ւ էր Վիլիկ Հարությունյանը վաճառքին դեմ, ի՞նչ պատահեց Վիլիկ Հարությունյանի գրասենյակում»,- հարցնում է Մանուկյանը:
Տեսանյութի առնչությամբ «Հայկական ժամանակ» օրաթերթը զրուցել է Վիլիկ Հարությունյանի դստեր Կարինե Հարությունյանի հետ, ով ներկայումս զբաղեցնում է Կրթության և գիտության փոխնախարարի պաշտոնը:
Թերթը հետաքրքրվել է Հարությունյանից, թե որն է եղել հոր մահվան պատճառը, ով վախճանվել է 64 տարեկան հասակում:
Հարությունյանի խոսքով՝ հայրը կյանքի վերջին տարիներին սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել:
Այն հարցին թե արդյոք ինքը պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին հետաքննություն անցկացնելու պահանջով՝ Հարությունյանը պատասխանել է. «Ես հասկացա, որ դա ամերիկյան ինչ-որ կայքից է վերցված, հայկական կայք լիներ…ամերիկյան կայք է, որտեղ Հայաստանի մասին սկանդալային բաներ են դնում, իրենց աղբյուրը ո՞վ է, որտեղից են գտնում, պարզ չէ: Իմ հոր մահից հետո անցել է 12 տարի, ոչ մի տեղեկություն չի եղել, և հիմա նման բան են դնում»:
Նա նաև նշել է, որ ինստիտուտը ՊՆ-ի ենթակայության տակ է, բայց ինքը արդեն 14-րդ տարին է կապ չունի ինստիտուտի հետ և տեղեկություններ նույնպես չունի:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, Ճարտարագիտական համալսարանի ռեկտոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արա Ավետիսյանը, ով երկար տարիներ որպես ԿԳ փոխնախարար համակարգել է գիտության ոլորտը, «ՀԺ»-ի հետ զրույցում ասել է, որ երբևիցե նման տեղեկատվության կամ ասեկոսեների չի հանդիպել:
«Չճանաչելով այդ ամերիկացի մեծ բարերարին՝ գտնում եմ, որ այսպիսի հայտարարություն անելն ուղղակի անպատասխանատու կամ ինչ-որ խարդավանք է, որը, չգիտեմ ինչու, այս պահին դրվեց շրջանառության մեջ», – ասել է Ավետիսյանը:
Նա նաև համոզմունք է հայտնել, որ այսքան տարիների ընթացքում նման դեպքը անհնար կլիներ թաքցնել, և «դա սարքովի ինչ-որ բան է»:
Արա Ավետիսյանը նշել է, որ Լազերային տեխնիկայի ինստիտուտն այժմ գտնվում է ՊՆ-ի ենթակայության տակ, սակայն նշել է, որ չգիտի, թե կոնկրետ ինչ հետազոտություններով է այն զբաղվում:
Թերթը դիմել է նաև Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանին՝ հարցնելով՝ արդյոք տեսանյութն ուսումնասիրվում է և հնարավո՞ է՝ դրա հիման վրա գործ հարուցվի:
«Տեղյակ չեմ այսօր աշխատանքային օր չէ, վաղը զանգեք, կասեմ», – ասել է Բաղրամյանը: Նույնը պատասխանել են նաև ոստիկանությունից:
«ՀԺ»-ն մեկնաբանություն է խնդրել նաև Սերժ Սարգսյանի խոսնակ Արմեն Արզումանյանից: «Ես անհեթեթություններ չեմ մեկնաբանում», – պատասխանել է Արզումանյանը: