Home / Հայաստան / Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները խոսել են վստահության ամրապնդման մասին

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները խոսել են վստահության ամրապնդման մասին

Հունվարի 28-ին Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի,  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Կելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:

Համաձայն ՀՀ ԱԳ նախարարության հաղորդագրության, համանախագահները շարունակել են նախարարների հետ քննարկումները խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով նախորդ տարվա հոկտեմբերին կողմերին փոխանցված աշխատանքային առաջարկի շուրջ:

Նրանք նաև մտքեր են փոխանակել վստահության ամրապնդման հնարավոր միջոցների վերաբերյալ:

Համանախագահները, հղում կատարելով 2011 թ. ապրիլի 14–ին և 2012 թ. հուլիսի 13–ին իրենց կողմից արված հայտարարություններին, նախարարների հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից  և դեպի Լեռնային Ղարաբաղի օդանավակայան քաղաքացիական թռիչքներին առնչվող հարցեր:

 

ԱԳ նախարարներն ու համանախագահներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորությունը,  որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափ: Արտաքին գործերի նախարարները վերահաստատեցին խաղաղ կարգավորման գործընթացին իրենց աջակցությունը և բանակցությունները շարունակելու իրենց վճռականությունը: Նախարարները և համանախագահները պայմանավորվեցին առաջիկա շաբաթների ընթացքում շարունակել հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ հետագա քննարկումները: