Հայաստանի բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված պետական միջոցառումներին հրավիրված չեն եղել այն բոլոր ազատամարտիկները, որոնք չեն կիսում գործող իշխանության տեսակետը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Դրանց թվում են եղել՝ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, «Սեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հրամանատար Սմբատ Այվազյանը, ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:
Թերթը գրում է, որ փոխարենը ՊՆ միջոցառումներին մասնակցել է ՊՆ-ին մատակարարված ժամկետանց գոմեշի մսի հայտնի պատմության դերակատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը, ում մասին Սերժ Սարգսյանը բավական կտրուկ արտահայտվեց անցած տարվա սեպտեմբերի 26-ին ՀՀ կառավարության նիստում. «Ինձ համար անհասկանալի է` ինչ է նշանակում բանակի գլխավոր շտաբի պետի տեղակալը մեծ գումար է վերցնում մատակարարից: Ի՞նչ է սա նշանակում, Սեյրան: Էդպիսի հասկացողությունը ո՞րն ա»:
«Իսկ ինչպե՞ս հասկանալ այսքան խայտառակությունից հետո նրան մեծարելը, իսկ ազատամարտիկներին արհամարհելը: Արդյո՞ք Փայտյանը միայնակ չի գործել, ու դրա համար էլ ՊՆ ղեկավարությունը նրա նկատմամբ այդքան սիրալիր և ուշադիր է», – եզրափակում է թերթը: