22:30 Հեղինե Մակարյանն ու Աշոտ Խուդոյանը որոշել են ավարտել նախագահական նստավայրի մոտ գրեթե 6 ժամ տևած նստացույցը: Էջմիածնից վերադառնալուց հետո Աշոտ Խուդոյանը Epress.am-ի թղթակցին պատմել է, որ քաղաքի ոստիկանության բաժնի պետը իր ներկայությամբ զանգահարել է քաղաքի դատախազին, ով հեռախոսով Խուդոյանին խնդրել է վաղը փաստաթղթերով ներկայանալ իր մոտ և քննարկել հարցը բոլոր կողմերի ներգրավմամբ: Ոստիկանապետը նույնպես խոստացել է ներկա լինել հանդիպմանը: Խուդոյանը որոշել է այս պահին դադարեցնել նստացույցը, և վերադարձել է կնոջը և երեխային տուն տանելու համար: Մեր հարցին՝ արդյոք ինքը գոհ է մնացել զրույցից, Խուդոյանը պատասխանել է, թե իր համար կարևորն այն է, որ ամեն ինչ օրենքով լինի:
21:30 Րոպեներ առաջ մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարանին ծառայողական մեքենայով մոտեցել է ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանը: Նա հարցրել է նստացույց անցկացնող Հեղինե Մակարյանին. «Դուք դեռ այստե՞ղ եք: Բայց դուք խոսատցել էիք»: Մակարյանը պատասխանել է, որ ամուսինը գնացել է զրույցի ոստիկանի հետ, իսկ ինքը որոշել է մնալ կայարանի մոտ գիշերելու: Ասատրյանը մի փոքր հեռացել է կնոջից, հանել է հեռախոսը և սկսել ինչ-որ տեղ զանգահարել, որից հետո զրուցել է Հեղինեի հետ: Վերջինս Epress.am-ի թղթակցին ասել է, թե ինքը զրուցել է ամուսնու հետ, և Աշոտը փոխանցել է, որ վերադառնում է Երևան: Հեղինեն նշել է, որ իր ոտքերը սառել են, սակայն դեռևս դիմադրում է ցրտին:
21:00 Նախագահական նստավայրի դիմացի մայթին նստացույց անցկացնող հղի կինը՝ Հեղինե Մակարյանը, որոշել է իր դստեր հետ գիշերել Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանի մոտ: Նրա ամուսինը՝ Աշոտ Խուդոյանը, երկու մանկահասակ երեխաների հետ վերադառնում է Էջմիածին:
Ավելի վաղ Epress.am-ը գրել էր, որ Խուդոյանը պահանջում է իր տունը վերադարձնել՝ պնդելով, որ այն իրենից խլել են կեղծ փաստաթղթի հիման վրա: Նա մտել էր նախագահական նստավայր, սակայն այնտեղ Խուդոյանին հորդորել էին մի քանի օր սպասել: Նախագահականից դուրս գալուց հետո Երևանի կենտրոնում նստացույց անցկացնող ընտանիքի հորը մոտեցել են ոստիկաններ, որոնց թվում նաև Էջմիածնից, ովքեր հորդորել են դադարեցնել նստացույցը և քաղաք վերադառնալ:
Epress.am-ի թղթակցի ներկայությամբ նրանցից մեկը Խուդոյանին ասել է, որ Էջմիածնում իրեն «սպասում է միլպետը՝ գեներալը», և դա լավ հնարավորություն է խնդրին լուծում տալ: Ոստիկանության աշխատակիցները նաև նշում էին, որ Խուդոյանը վատ հայր է, եթե երեխաների հետ որոշել է ցուրտ գիշերը փողոցում անցկացնել: Աշոտը կոչ էր անում ոստիկաններին իր վրա հոգեբանական ճնշում չգործադրել՝ հիշեցնելով, որ վերջերս նույն իրենք էին զենքով մտել իր տուն և հրել իր հղի կնոջը: «Ինչպես կարող է ոստիկանը հրել Հայաստանի քաղաքացուն», – դիմելով մեր թղթակցին՝ պատասխանել է ոստիկանը: Խուդոյանը շարունակել է պնդել, որ նման բան եղել է:
Ընտանիքի հայրն ասել է, որ իրենք պետք է հանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ով, Խուդոյանի համոզմամբ, չգիտի դեպքի մասին և իմանալուն պես խնդրին լուծում կտա: Ընտանիքը 8 օր առաջ եկել էր նախագահական, նրանց խոստացել էին, որ դատախազը կներկայանա դատին, կհետևի գործին, սակայն, առաջընթաց չտեսնելով, Խուդոյանը կրկին որոշել է գալ Երևան:
Մոտ մեկ ժամ տևած բանակցություններից հետո հայրը երկու երեխաների հետ, այնուամենայնիվ, որոշել է գնալ զրուցելու բարձրաստիճան ոստիկանի հետ, իսկ կինը կրտսեր՝ մոտ 3 տարեկան դստեր հետ մնացել է գիշերելու: Նա սպասում է, որ ամուսինը կվերադառնա զրույցից հետո:
Աղջիկը լաց է լինում, քանի որ քույրերը գնացել են հոր հետ