Ատամնաբույժներին նոր հարկ վճարել պարտադրող օրենքը՝ արտոնագրային վճարի գները և տույժերը, աստղաբաշխական են ու դաժան. օրենքը կքայքայի ստոմատոլոգիան, ծանր դրության մեջ կդնի և՛ ստոմատոլոգներին, և՛ բնակչությանը:
Խոսելով հունվարից «Արտոնագրային վճարների մասին» ընդունված օրենքի խիստ բացասական ազդեցություների մասին՝ Еpress.am-ի զրուցակից, «Marstom» ատամնաբուժական կլինիկայի ղեկավար Մարո Մելիքյանը նշել է, որ առանց այն էլ իրենց սերունդը վերջին տարիներին հասցրել է վերապրել ֆորս-մաժորային բազմաթիվ իրավիճակներ:
«Մեղավորը մենք ենք, որովհետև առանց մեղսակցի մեղք չի գործվում: Անցումային այս տարիներին, ունենալով բազմաթիվ պրոբլեմներ, դրանց մասին երբեք չենք բարձրաձայնել. կամ ո՞ւմ բարձրաձայնեինք: Ինքներս մեզ կոդավորել ենք, թե ունենք կորպորատիվ մասնագիտություն, համեմատվել ենք մեզանից ավելի վատ վիճակում գտնվողների հետ, ձայններս կտրել ու զբաղվել ենք մեր գործով: Կարծել ենք, թե դիմացիները կհասկանան, որ մենք էլ այս հասարակության և այս դժվարությունների մի մասնիկն ենք, բայց չգիտես ինչու՝ մեր մասին շատ թյուր կարծիքի են», – պատմել է մեր զրուցակիցը:
Նա շեշտել է՝ թեև իր խոսքը կարող է բացասական թվալ, սակայն ամբողջական դարձնելու համար համար խոսել է բժիշկ-ստոմատոլոգի անցյալ, ներկա և ապառնի ժամանակների մասին:
«Սա այն սերունդն է, որոնք սերված լինելով ամենալավ ընտանիքներից, ինչպես մեր մյուս հայրենակիցները՝ «քնեցին հարուստ, արթնացան աղքատ»: Այս սերունդը առաջինն էր, որոնց ծնողները, զրկելով իրենց մի շարք կարողություններից, վաճառեցին տուն, կահույք, ավտոտնակ, վճարեցին ուսման վարձերը, նպաստեցին իրենց զավակների աշխատանքի մեջ կայանալուն, որովհետև նախնական ներդրումներ էին պահանջվում: Այս սերունդը չի ունեցել նորմալ ուսանողական կյանք ու մենք գիտենք, թե ինչերի միջով ենք անցել: Ոչ ոք ոսկյա սկուտեղի վրա մեզ ոչինչ չի մատուցել: Յուրաքանչյուր ոք ինքն է զբաղվել իր մենեջմենտ-մարկետինգով», – նշել է Մելիքյանը:
Նա ընդգծել է, որ բազմիցս է առնչվել, երբ հարկայինի աշխատողը վերապահումներով հարցրել է՝ «Ինչո՞ւ չգիտենք՝ մի պլոմբը ինչքանով եք դնում, կամ չգիտե՞նք՝ մի իմպլանտը ինչքանով եք դնում»:
«Նրանց կարծիքով՝ այդ գումարը ամբողջությամբ մտնում է բժիշկ-ստոմատոլոգի գրպանը: Մենք ենք մեղավոր, որովհետև, եթե հեռուստատեսությամբ եթեր ենք դուրս եկել, ապա գովազդել ենք միայն մեր աշխատանքը: Հասարակությանը երբեք ինչ-որ միջոցներով հաշվետու չենք եղել, թե որտեղի՞ց են գոյանում այդ գները: Կարծել ենք, եթե արտասահմանյան երկրներում աշխատում են ավելի բարձր գներով, ուրեմն կհասկանան,որ ինչ-որ տեղից գոյանում են այդ գները», – ասել է մեր զրուցակիցը:
Բոլոր նրանց, ովքեր շատ են ուզում հաշվել ստոմատոլոգի եկամուտները, մասնագետը խորհուրդ է տվել ուսումնասիրել, թե այդքան «արտադրած» ստոմատոլոգներից որքա՞նն է կայանում, որքանը` ոչ:
«Նախորդ տարիներին ինչպիսի՞ կլինիկաներ են փակվել, որքան ստոմատոլոգներ են դիմել դեսպանատներ՝ երկրից հեռանալու համար, որքան ստոմատոլոգներ բանկերում գրավադրված տներ, ոսկիներ, սպառիկներ, ուսանողական վարկեր, լիզինգներ ունեն, որքա՞ն ստոմատոլոգներ են ապրում վարձով նրանց որքա՞ն մասն է ստոմատոլոգիական խանութներից պարտքով նյութեր վերցնում»,- ասել է մասնագետը:
Նա նաև տարակուսանք է հայտնել՝ հարցնելով. «Ենթադրենք մեզ հետ վարվեցին ինչպես նախատեսել են, ապա ինչ երաշխիքներ են տալիս մեր ապագայի համար»:
«Ինչպե՞ս ենք թոշակավորվելու, ձեռք բերված պրոֆեսիոնալ հիվանդություները հաշմանդամության ո՞ր կարգի մեջ են դասվելու: Օրինակ՝ եթե ուզում ենք հասնել միջազգային չափանիշների, ապա նշեմ, որ արտասահմանում ստոմատոլոգները 15-20 տարի աշխատելուց հետո թոշակավորվում են թոքերի սիլիկոզի պատճառով, որովհետև, անընդհատ շնչելով ատամի ինֆեկցված փոշին, թոքերում շատ լուրջ փոփոխություններ են առաջանում՝ որքան էլ պաշտպանվես: Այդպես հնարավոր չէ աշխատել և գնալ առաջ», – եզրափակել է Մելիքյանը: