Home / Հայաստան / ՀՀԿ-ի ենթաշտաբի պատասխանատուն Սարի թաղում մարդ է սպանել

ՀՀԿ-ի ենթաշտաբի պատասխանատուն Սարի թաղում մարդ է սպանել

Երևանի Սարի թաղ թաղամասում նախօրեին տեղի ունեցած սպանության մեջ կասկածվում է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ենթաշտաբներից մեկի պատասխանատուն, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Սարի թաղի բնակիչ 43-ամյա Սերգեյ Գալստյանը վիճաբանել է Օդոլ մականունով հայտնի Էդիկ Հակոբյանի հետ: Վիճաբանության արդյուքնում Օդոլը կրակել է Սերգեյի վրա: Ստացված հրազենային վնասվածքների հետևանքով վերջինս մահացել է: Այժմ ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Օդոլի նկատմամբ:

Սարի թաղի բնակիչները երեկ օրաթերթի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել են, որ Օդոլը երկար տարիներ աշխատել է Հանրապետական կուսակցության համար և հիմա էլ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պատասխանատուն է:

Հարևանները չեն կարողացել ասել՝ կոնկրետ ինչից է ծագել վեճը: News.am-ի տեղեկություններով, վիճել են Օդոլի և Սարգսի քրոջ երեխաները, որից հետո էլ խառնվել են մեծահասակները:

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել, Օդոլին փնտրում են:

Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանին, որը, սակայն, նշել է. «Խնդրին ծանոթ չեմ և այս առումով որևէ պարզաբանում չեմ կարող տալ»: