Շաբաթ օրը Դիլիջանում գտնվող Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնի բացումը գրեթե աննկատ է անցել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթն ընդգծում է, որ բացման արաողությունը, որին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը, տեղի է ունեցել գրեթե ընդհատակյա ռեժիմում:
«Արարողության մասին չեն եղել աշխարհացունց ռեպորտաժներ, և ընդհանրապես, դրան մասնակցել են խիստ սահմանափակ թվով և հատուկ ընտրված ԶԼՄ-ներ: Եվ ուրեմն ինչն է այստեղ տարօրինակ՝ ինչո՞ւ այդքան անշուք և կիսագաղտնի: Խնդիրն այն է, որ այդ «կենտրոնը» վերջին տարիների իրականացված ամենամութ գործարքներից մեկն է: Կենտրոնական բանկը, պարզապես, չի ուզում շատ «ռասկրուտկա անել», որ դրա շինարարության վրա ծախսվել է ավելի քան 70 միլիոն դոլար: Ընդ որում, գումարը սկսել են հատկացնել ամենածանր ճգնաժամային տարում՝ 2009 թվականին», – նշում է «ՀԺ»-ն:
Թերթը նշում է, որ Դիլիջանում նման շենք, նման արժողությամբ կառուցվել է այն դեպքում, երբ Երևանի Հանրապետության հրապարակի վրա գտնվող հսկայական կոթողը՝ ԱԳՆ-ի շենքը վաճառվում է ընդամենը 52 միլիոն դոլարով: