Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը խստորեն դատապարտում է տարբեր անձանց կողմից քաղաքացիների անձնագրային տվյալների հավաքագրման /այդ թվում իրենց աշխատանքի վայրերում/ փաստը: Այս մասին ասված է Շտաբի տարածած հայտարարության մեջ:
«Նման աշխատանքները /եթե դրանք համապատասխանում են իրականությանը/ նվազեցնում են ընտրական գործընթացի նկատմամբ քաղաքացիների վստահությունը և ստվերում ընտրական գործընթացը, ուստի կենտրոնական ընտրական շտաբը հետամուտ է լինելու նման փաստի վերաբերյալ յուրաքանչյուր ահազանգի և իր իրավասության շրջանակներում օրենքով նախատեսված միջոցներ է ձեռնարկելու այդ անձանց պատասխանատվության ենթարկելու համար», – ասված է հայտարարության մեջ:
Շտաբից հայտնում են նաև, որ այս կապակցությամբ իրենց մոտ գործում է թեժ գիծ: Հեռ.` 564297