ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանի աշխատանքային գործունեությունն ապացուցում է, որ անանուն ահազանգերին կարելի է արձագանքել: Այս մասին Աշոտյանն այսօր ասել է լրագրողների հետ զրույցում, երբ վերջիններս խնդրել են մեկնաբանել երեկ մամուլում տարածված նամակը, համաձայն որի ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը թերթիկներ է բաժանում նախարարություում՝ աշխատակիցներից պահանջելով լրացնել անձնական տվյալները, իսկ այդ թերթիկով ՀՀԿ-ի թեկնածուի համար մարդկանց են հավաքագրում:
Լրագրողները ցանկանում էին հարցը ուղղել Թովմասյանին, սակայն ՀՀ կառավարության նիստից հետո նա կենտրոնական մուտքից դուրս չեկավ և լրագրողները հարցն ուղղեցին Արմեն Աշոտյանին, քանի որ վերջինս նաև ՀՀԿ փոխնախագահն է:
«Ես գիտեմ արդարադատության նախարարության պաշտոնական արձագանքը, նաև գիտեմ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի արձագանքը, որ եթե նման թղթեր իրականում գոյություն ունեն, պրակտիկան ցույց է տալիս, որ այս դարում դժվար չէ սարքել ցանկացած տիպի փաստաթուղթ, կամ կեղծել փաստաթղթերը»,- ասել է Արմեն Աշոտյանը:
Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպես է նա գնահատում Սերժ Սարգսյանի վարքագիծը Եռաբլուրում կամ Մովսես գյուղում «խիյարի» պատմությանը, ինչի ի պատասխան ՀՀԿ փոխնախագահն ասել է, որ իրենց ընդդիմախոսներն ունեն տարբեր իրավունքներ, այդ թվում՝ իրավունք ունեն «բուռն և անհամարժեք արձագանքելու բանջարաբոստանային մշակբույսերի անվանարկումներին»:
«Եվ դրանցից սարքելու լուրջ քաղաքական քննարկումներ… Կարծում եմ, դա խոսում է մեր ընդդիմախոսների քաղաքական օրակարգի դատարկության մասին: Հակառակ պարագայում բանջարաբոստանային մշակբույսերի հիշատակումը չէր առաջացնի նման «լուրջ» քնարկումների առիթ»,- ասել է նախարարը:
Արմեն Աշոտյանը կարծիք է հայտնել, որ Սերժ Սարգսյանը իրականացնում է փայլուն ընտրական քարոզարշավ, նախատեսված ողջ ծավալով: Եվ դա անկախ այն փաստից, որ որոշ լրատվական, քաղաքական շրջանակներ կարծում են, որ ընտրություններն ընթանում են այնպիսի հունով, որ կարիք չկա նման քարոզարշավի:
«Իրականում քարոզարշավը մեզ համար հնարավորություն է երկխոսել մեր քաղաքացիների հետ: Լսել իրենց խնդիրները և արձագանք տալ այդ խնդիրներին: Քարոզարշավն այս դեպքում գուցեև չի հետապնդում քաղաքական ընդդիմախոսների կամ մրցակիցներին պատասխանելու, կամ արձագանքելու խնդիր: Սերժ Սարգսյանի իրականացվող քարոզարշավը նպատակ է հետապնդում ՀՀ յուրաքանաչյուր քաղաքացուն հասանելի ու հասցեական ուղերձ հղել Հայաստանի ապագայի մեր տեսլականի մասին և հետադարձ կապի սկզբունքով լսել իր առաջարկությունները»,- ասել է Արմեն Աշոտյանը: