Home / Հայաստան / Ստոմատոլոգները չեն պատրաստվում փողոց ավլել. կառավարությունից հույս չունեն

Ստոմատոլոգները չեն պատրաստվում փողոց ավլել. կառավարությունից հույս չունեն

Այսօր վաղ առավոտից Առողջապահության  նախարարության մոտ էին հավաքվել երևանյան ատամնաբուժական կլինիկաների մեծ թվով բժիշկներ՝ հույս ունենալով հանդիպել Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հետ: Մեկ ժամ սպասելուց հետո, ուշադրության չարժանանալով, նրանք երթով շարժվել են կառավարության շենք, որտեղ էլ շարունակել են իրենց ակցիան:

Еpress.am-ի հետ զրույցում բժիշկները նշել են, որ եկել են իմանալու՝ ինչ որոշում է կայացրել կառավարությունն այսօրվա նիստում ու ինչ է լինելու իրենց հետագա ճակատագիրը: Հիշեցնենք, որ ստոմատոլոգները պահանջում են չեղյալ համարել հունվարի 1-ից ներմուծված նոր հարկը, համաձայն, որի իրնք յուրաքանչյուր բոռ-մեքենայի համար պետք է ամսական 80 հազար դրամ վճարեն:

Բողոքողներից շատերը փաստել են՝ թեև իրենց գործընկերների հետ կառավարություն են եկել, սակայն առանձնապես հույսեր չունեն, թե իրենց օգտին կարող է ինչ-որ բան որոշվել:

«Սա ուղղակի հերթական ֆարսն է, ինչին մենք ականատես ենք վերջին մեկ ամսվա ընթացքում: Ոչ մի ակնկալիք չկա, ամեն ինչ արդեն արվել է, որ ստոմատոլոգների համբերությունն ուղղակի սպառվի ու զզվեն-հեռանան այստեղից», – նշել է բժիշկներից մեկը, ով ներկայանալ չի ցանկացել:

Ստոմատոլոգ Մանուկ Գևորգյանի խոսքով՝ ակցիան տարերային է՝ հավաքվում են մարդիկ, ովքեր մտածում են ՝ դեռ ժամանակ ունեն, շատերն էլ ուղղակի պատրաստում են ճամպրուկները՝ երկրից հեռանալու համար:

«Օրենքի ընդունումը ուղղակի ճնշում է ատամնաբուժական փոքր կլինիկաների վրա. մեծամասնությունն արդեն փակվել է, փակվելու է: Ես լավ գիտեմ, քանի որ ես եմ մասնագետը ու ինձ կանչում են դեմոնտաժելու իրենց սարքավորումները, այնուհետ վաճառում են, ինչից հետո էլ  հեռանում են», – ասել է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ այսօրվա հավաքի նպատակն է հանդիպել որևէ պատկան մարմնի հետ լուրջ խոսակցություն ունենալ:

Գևորգյանը նաև հավելել է, որ ինքը այս կառավարությունից որևէ հույս չունի:

«Եթե էս կառավարությունը որոշում ա կայացնում՝ առանց մասնագետների հետ խորհրդակցելու, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ: Ուղղակի էս կառավարությունը նենցա անում, որ որոշակի անհատների շահերը պաշտպանի, որոշակի նպատակների հասնի, ոնց որ հասան ու հասնում են հայաթափությանը, ուրիշ ոչինչ», – եզրափակել է մասնագետը:

Ատամնաբույժ Հասմիկ Շահվերդյանն էլ ընդգծել է՝ թեև ինքը հնարավորություն ունի դրսում աշխատելու,սակայն գնալ չի ուզում՝ ինչ-որ բան այստեղ իրեն պահում էր:

«Եթե ես իմ երկրում պետք է լինեմ 3-4-րդ կատեգորիայի մարդ, եթե պիտի գնամ փողոց ավլեմ, ես կգերադասեմ գնամ ու դա անեմ ուրիշ տեղ, չնայած ես հնարավորություն ունեմ իմ մասնագիտությամբ աշխատել ցանկացած երկրում», -նշել է Շահվերդյանը:

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ Еpress.am-ին ասել է, որ պատրաստվում է հեռանալ երկրից, քանի որ կարծում է, որ Հայաստանում ոչինչ չի փոխվելու:

«13 տարվա ատամնաբույժ եմ և տեսնում եմ, որ հարկային դաշտը փոխվելու փոխարեն, երկրի վիճակն էլ ավելի է վատանալու, դիմելու եմ ՌԴ միգրացիոն գրասենյակ ու հեռանամ երկրից», – եզրափակել է մեր զրուցակիցը:

Ատամնաբույժների՝մոտ երկուսուկես ժամ տևած ակցիան ավարտվել է Առողջապահության նախարարություն շենքի մոտ: Ակցիայի մասնակիցները հեռացել են, սակայն նշել են, որ կրկին հանդիպելու են փետրվարի 4-ին՝ Ազգային Ժողովի շենքի մոտ: