ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այցելել է երեկ կեսգիշերին մահափորձի ենթարկված և մի քանի ժամ առաջ վիրահատության ենթարկված ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին: ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Սարգսյանը հետաքրքրվել է Պարույր Հայրիկյանի առողջական վիճակով, իր զորակցությունը հայտնել նրան և մաղթել շուտափույթ ապաքինում:
Առողջական վիճակի վերաբերյալ ՀՀ նախագահի թեկնածուն ասել է, որ վիրահատությունից հետո ավելի լավ է զգում իրեն և ժամ առ ժամ ապաքինվում է: Պարույր Հայրիկյանը, հիշողությանն ապավինելով, ՀՀ նախագահին ներկայացրել է դեպքի մանրամասները:
Սերժ Սարգսյանն այցի ավարտին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում դեպքի կապակցությամբ խոսել է նաև լրագրողների հետ.
«Այս զազրելի հանցագործությունն ուղղված է ոչ միայն Պարույր Հայրիկյան նախագահի թեկնածուի, ոչ միայն Պարույր Հայրիկյան պետական գործչի, այլև մեր պետականության դեմ: Ակնհայտ է՝ նրանք, ովքեր կանգնած են հանցագործության հետևում, նպատակ են ունեցել ազդել ընտրությունների բնականոն ընթացքի վրա: Ուզում եմ, որ բոլորը վստահ լինեն, որ մեր իրավապահ մարմիններն ամեն ինչ անելու են, որպեսզի բացահայտեն հանցագործներին: Մեր բժիշկներն արդեն շատ բան են արել: Վստահ եմ, որ կարճ ժամանակում Պարույր Հայրիկյանն ապաքինվելու է: Բոլորին խնդրեք, թող Պարույրին առողջություն մաղթեն», – ասել է Սերժ Սարգսյանը: