Մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ միավորվել են` ստեղծելու համար իրենց համընդհանուր պլատֆորմը՝ նպատակ ունենալով ազդել քաղաքական դաշտում տեղի ունեցող վերադասավորումների վրա և նպաստելու Հայաստանում քաղաքական օրակարգերի ձևավորմանանը և համագործակցել բոլոր ընդդիմադիր ուժերի հետ: Այս մասին հայտարարել են «Բանակն իրականում», «Թռչկան», «Թեղուտի պաշտպանության», «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունները:
«Մենք՝ ներքոհիշյալ քաղաքացիական առանձին նախաձեռնությունների անդամներս, ովքեր ոտքի են կանգնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության համար` խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների մահվան իրական հանգամանքների բացահայտման ու արդար դատաստանի, Թեղուտի էկոհամակարգի, Թռչկանի ջրվեժի, Մաշտոցի պուրակի և հանրային այլ տարածքների պաշտպանության, Ճարտարապետական միջավայրի, մշակութային օբյեկտների պահպանման, քաղաքական նպատակներով հետապնդվող քաղաքացիների իրավունքների պաշտպանության, մենաշնորհներից փոքր և միջին բիզնեսի պաշտպանության, սոցիալական արդարության, ազգային եկամտի արդար բաշխման, սահմանամերձ համայնքների բնակչության սոցիալական խնդիրների լուծման համար, մեր պայքարների ընթացքում հանգել ենք այն համոզման, որ այս բոլոր խնդիրների առաջացման պատճառը պետական համակարգի տարվող քաղաքականությունն է՝ հանրապետության նախագահից մինչև ստորին օղակի պաշտոնյանի ամբարտավան վերաբերմունքը ՀՀ Սահմանադրության և հանրության նկատմամբ: Իշխող համակարգը Հայաստանում ստեղծել է համակարգային կոռուպցիոն բուրգ՝ ուզուրպացնելով վարչական լծակները և 2008 թ. մարտի 1-ի դեպքերի արդյունքում խաղաղ հավաքի մասնակիցներին սպանելով՝ պահել է իր իշխանությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Նախաձեռնողները դիմել են նաև ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածուներին և բոլոր քաղաքական ուժերին` կոչ անելով սկսել հրապարակային քննարկումներ՝ թույլ չտալու այս ընտրությունների կեղծ ընթացքի պարագայում դրանց օրինականացումն ու քրեաօլիգարխիկ համակարգի վերարտադրությունը, հանրային քննարկումների միջոցով միավորել իրենց ծրագրերը և ստեղծել մասնակցային ժողովրդավարության, սոցիալական արդարության վրա հիմնված տնտեսության և ապակենտրոնացված կառավարման սկզբունքների վրա հիմնված մեկ ընդհանուր հայեցակարգ, և 2013 թ. նախագահական ընտրությունների շրջանում հանդես գալ այդ հայեցակարգի դիրքերից։