Նախագահի նստավայրի մոտ հունվարի 29-ին ընտանիքով նստացույց անցկացրած Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանի դիմումը Էջմիածնի դատախազություն ընդունվել է, և, հայցի համաձայն, քրեական գործ է հարուցվելու: Այս մասին Epress.am-ին հայտնել է ինքը՝ Խուդոյանը: Հիշեցնենք, որ Աշոտը, նրա հղի կինը` 3 երեխաների հետ, ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին նստացույց էին անցկացնում՝ պահանջելով իրենց սեփականության իրավունքի խախտման հետ կապված վեճի օբյեկտիվ վերահսկողություն ապահովել:
Ընտանիքը պահանջում է իրենց վերադարձնել պապու կողմից կտակած տունը: Այն ստանալու հավակնություններ ունեն այլ ազգականներ ևս, ովքեր, ըստ Խուդոյանի, կեղծել են որոշ փաստաթղթեր:
Նախագահականի վերահոսկողության բաժնի աշխատակից Փանոսյանը երեկ ընտանիքին կանչել է նախագահական: Նրանց ասվել է, որ, խոստման համաձայն, ուսումնասիրել են գործի նյութերը, ուսումնասիրողներն այն եզրակացության են եկել, որ ընտանիքը կարող է ոչ թե նոր քրեական գործի հայց ներկայացնել, այլ քաղաքացիական հայց բերել՝ պահանջելով փորձագիտական հետազոտության ենթարկել պապու կտակի և Աշոտի քրոջ ու մոր նվիրատվության փաստաթղթի վրա ստորագրությունները՝ պարզելու համար արդյոք նվիրատվության ստորագրոթյունը կեղծված է, ինչը պնդում է Աշոտ Խուդոյանը:
«Մեզ ասացին, որ կվերահսկեն, եթե մենք բերենք հայցը, ուղղակի պետք է վճարենք փորձաքննության համար», – Epress.am-ին ասել է Խուդոյանի կինը՝ Հեղինե Մակարյանը:
Խուդոյանը նշել է, որ չի ցանկանում, որպեսզի քաղաքացիական գործ հարուցվի, քանի որ չի վստահում, որ փորձաքննությունը անկողմնակալ կանցկացվի, և, բացի դա, քրեական գործի դեպքում շատ այլ ապացույցներ ևս քննելու հնարավորություն կլինի: Ուստի Խուդոյանները լիահույս են, որ ամեն ինչ կբացահայտվի քրեական գործի շրջանակներում:
Երեկ ավելի ուշ ՝ արդեն երեկոյան, Խուդոյանին զանգահարել են ՀՀ նախագահի վերահսկողության բաժնից և ասել են, որ կապվել են Էջմիածնի դատախազության հետ, որտեղից հայտնել են քրեական գործ հարուցելու որոշման մասին:
Խուդոյանի խոսքով՝ պետք է քննել նաև իր եղբորը 1987 թվականին տրված քաղսովետի որոշումը, որով տունը համարվել է խարխուլ, և եղբայրը այլ երկու հողամաս է ստացել: Ըստ Խուդոյանի, փաստաթղթերի համաձայն, իր եղբայրը ունի երկու երեխա գրանցված նույն՝ պապի կտակած տանը, մինչդեռ այդ եղբայրը իրականում երեխաներ չունի: Մեկ այլ՝ 1985 թվականի որոշմամբ էլ երևում է, որ եղբայրը տեղյակ է եղել մոր և քրոջ կողմից նվիրատվությունը ձևակերպելու մասին, ինչը հիմա նա հերքում է: