«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը (լուսանկարում՝ աջից) դուրս է եկել «Ժառանգություն» խմբակցության կազմից: Այս մասին այսօր հայտարարվել է Ազգային Ժողովում: Epress.am-ի հետ զրույցում Քոքոբելյանը հիշեցրել է, որ կուսակցությունը որոշումը կայացվել էր դեռևս նախորդ տարվա հոկտեմբերի 22-ին:
«Հոկտեմբերի 22-ի նիստին հայտարարությամբ եմ հանդես եկել, համաձայն որի ես և Ալեքսանդր Արզումանյանն այսուհետ պետք է ներկայացնենք «Ազատ դեմոկրատներ»-ին, ինչպես և եղել է նախկինում, որովհետև խմբակցությունը եղել է զուտ դաշինքի հիման վրա ստեղծված, որ նշված է նաև «Ժառանգություն» խմբակցության կանոնադրությունում:
Ես, դեմ լինելով ձևական գործողություններին՝ ընդամենը օրինականացրել եմ կատարվածը: Այս գործընթացի տակ որևէ բան պետք չէ փնտրել, ամենայն պատասխանատվությամբ եմ դա հայտարարում: Դա որևէ կապ չունի ոչ ընտրությունների հետ, ոչ ընդհանրապես այլ քաղաքական գործընթացի հետ, զուտ պայմանավորված է մեր քաղաքական գործունեության ավելի արդյունավետ լինելու հանգամանքով: Նկատի ունեմ «Ազատ դեմոկրատներին»: Նույն Րաֆֆի Հովհաննիսյանին ես ցանկանում եմ հաջողություն ընտրություններում: Ընտրարաշավի փուլում ես զերծ կմնամ որևէ այլ տիպի մեկնաբանություններից, կարծում եմ, այդպես ավելի ճիշտ կլինի», – ասել է Քոքոբելյանը:
Նա նաև նշել է, որ չի պատրաստվում այլ խմբակցություն մտել և մնալու է անկախ պատգամավոր:
Քոքոբելյանը նաև ընդգծել է, որ Ալեքսանդր Արզումանյանը նույնպես «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն է ներկայացնում, սակայն ֆորմալ առումով կշարունակի մնալ «Ժառանգություն» խմբակցության կազմում՝ կաշկանդված լինելով ԱԺ կանոնակարգ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետի սահմանմանբ: Նշենք, որ, համաձայն օրենքի, խմբակցության միայն առաջին երկու համարի պատգամավորները կարող են հրաժարվել խմբակցության կազմից և շարունակել գործունեությունը որպես անկախ պատգամավոր:
Նշենք, որ մինչ Քոքոբելյանը ԱԺ-ում մեկ անկախ պատգամավոր կար՝ Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ «Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունները միասնական ցուցակով էին մասնակցել 2012 թվականի մայիսի 6-ին կայացած ընտրություններին:
Արդեն սեպտեմբերին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել էր պատգամավորական մանդատից՝ նշելով, որ նույնը պետք է անի Խաչատուր Քոքոբելյանը, քանի որ իրենց մինչև նման նախնական պայմանավորվածություն էր եղել: Կողմերը հայտարարություններով հանդես եկան, որից հետո «Ազատ դեմոկրատներ»- ը հայտարարել էին, որ միայն ֆորմալ առումով են ներկայացնելու խմբակցությունը: