Home / Հայաստան / Աղջիկ փախցնելու մեջ մեղադրվող երիտասարդները «զղջացել են կատարածի համար»

Աղջիկ փախցնելու մեջ մեղադրվող երիտասարդները «զղջացել են կատարածի համար»

Դիլիջանցի 4 երիտասարդներ, ովքեր մեղադրվում էին աղջկա առևանգման մեջ, դատապարտել են 4-ական տարի ազատազրկման: Դատավորը, կիրառելով ՀՀ քրեական օրենսգքրի 70-րդ հոդվածը, վճռել է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել 2 տարի ժամկետով փորձաշրջան, նրանց վարքագծի նկատմամբ վերահսկողությունը հանձնարարելով Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի համապատասխան բաժանմունքին, գրում է Aravot.am-ը:

Հիշեցնենք, որ Դիլիջանի բնակիչ, 24-ամյա Սերգեյ Միքայելյանը 2012թ. նոյեմբերի 2-ի առավոտյան, պայմանավորվելով 27-ամյա Արթուր Շերոյանի, 23-ամյա Ազատ Բաղդասարյանի և Արամ Աղաջանյանի հետ, վերջինիս պատկանող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայով Դիլիջանի Ուսանողական թաղամասի ավտոկանգառի մոտից, բռնություն գործադրելով, Սերքեյ Միքայելյանի հետ ամուսնացնելու նպատակով, առևանգել են Դիլիջանի բնակչուհի Գ.Տ.-ին և, Վանաձոր տանող ճանապարհին աղջկան նստեցնելով Արթուր Շերոյանի վարած «Օպել Վեկտրա-Բ» մակնիշի ավտոմեքենան, տարել են Լոռու մարզի Յաղդան գյուղ՝ Սերգեյ Միքայելյանի բարեկամի տուն:

Դեպքի առթիվ 2012թ. նոյեմբերի 5-ին հարուցվել էր քրեական գործ: 4 երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր չհեռանալու մասին ստորագրությունը:

Երիտասարդները դատարանում հայտարարել են, որ համաձայն են առաջադրված մեղադրանքի հետ և միջնորդել են անցկացնել արագացված դատաքննություն:

Դատարանը հաշվի է առել, որ երիտասարդները նախկինում դատված չեն եղել, նրանք խոստովանել են իրենց մեղքը, զղջացել կատարածի համար, ինքնախոստովանական ցուցմունքներով աջակցել հանցագործության բացահայտմանը, հաշտվել են տուժողի հետ, վերջինս նրանց որևէ պարտք ու պահանջ չի ներկայացրել: Դատարանը հաշվի է առել նաեւ այն, որ Միքայելյանը և Շերոյանը միակողմանի ծնողազուրկ են: