Խտրականության դեմ օրենքի մշակման անհրաժեշտությունը Հայաստանում ընդգծում են տարբեր իրավապաշտպաններ. երկու կազմակերպություններ՝ իրարից անկախ, դեռ նախորդ տարվա ամառվանից սկսել են աշխատանքներ տանել նման օրենք մշակելու ուղղությամբ: Դեռ աշնանը խտրականության օրենքի մասին առաջին քննարկում էր նախաձեռնել «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն (PINK), որի ընթացքում պարզվել է, որ նման օրենք պատրաստում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Հաշմանդամություն ունեցող անձանց ու փոքրամասնությունների հարցերով ՄԻ պաշտպանի խորհրդատու Տաթևիկ Խաչատրյանը խտրականության օրենքի մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ օրենքն անհրաժեշտ է, քանի որ առայժմ խտրականությունը հաշվի է առնվում մի շարք օրենքներով որպես ծանրացուցիչ հանգամանք, մինչդեռ նոր օրենքը առանձին պատիժ է սահմանում հենց խտրականության համար: Օրենքը սահմանում է՝ ինչ է խտրականություն, ինչ վարչական պատիժ է սահմանում և ինչ փոփոխություններ է նախատեսում քրեական և քաղաքացիական այլ օրենքներում:
Օրենքով ՄԻՊ գրասենյակը դառնում է նաև խտրականության կանխարգելման ազգային կենտրոն: Խաչատրյանը պարզաբանել է, որ գրասենյակն օրենքի ընդունումից հետո կարող է քննել նաև խտրականությանն առնչվող բողոքները՝ ոչ միայն պետական կառույցների, այլև այլ իրավաբանական և ֆիզիկական անձնաց դեմ բողոքներ:
Հասարակական կազմակերպությունները որոշել են աշխատանքային խումբ ստեղծել՝ նախագիծը ուսումնասիրելու, խորհուրդներ մշակելու համար: Խումբը ստեղծելու համար PINK-ը նախաձեռնել էր երկօրյա քննարկում: Այս մասին Erpess.am-ի հետ զրույցում այս մասին ասել է PINK-ի նախագահ Մամիկոն Հովսեփյանը: Աղվերանում հունվարի 29-30-ին կայացած հանդիպմանը մասնակցել են տարբեր տիպի խտրական վերաբերմունքի արժանացող խմբերի՝ կրոնական, սեռական փոքրամասնությունների, կանանց, երեխաների, հաշմանդամների հիմինախնդիրներով զբաղվող ՀԿ-ներ, ինչպես նաև մարդու իրավունքներով զբաղվող ՀԿ-ներ: Հովսեփյանի խոսքով՝ իրավաբաններից, փաստաբաններից կազմված խումբը պետք է ուսումնասիրի նախագիծը և շտկումների առաջարկներ անի՝ օրենքը իդեալական տեսքի բերելու համար, որպեսզի այն չարժանանա Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծին, այսինքն՝ չմերժվի կառավարության կողմից: