Այսօր Ազգային ժողովը 16 կողմ, 65 դեմ համամասնությամբ մերժել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի խնդրով զբաղվող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրենքի նախագիծը: Այն Ազգային ժողով էին ներկայացրել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Ռուբիկ Հակոբյանը և Թևան Պողոսյանը: Նախագծի հեղինակները ցանկանում էին, որպեսզի հանձնաժողովն ուսումնասիրություն անցկացնի՝ կապված հանքավայրի շահագործման թույլտվության օրինականության հետ, սակայն իշխող մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն, տապալեց օրինագիծը:
Նշենք, որ դեռևս քվեարկությունից առաջ՝ կարծիքների փոխանակման փուլում Զարուհի Փոստանջյանը, դիմելով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ասել է, որ «ձեր նախագահը տապալել է Օրհուսի կոնվենցիայի իրականացումը Հայաստանում»:
Հովիկ Աբրահամյանը հակադարձել է, թե «Սերժ Սարգսյանը միայն մեր նախագահը չէ, այլ բոլորի նախագահն է»: Թեմային անդրադարձել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով նույնպես նշել է՝ «ուզեք, թե չուզեք Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահն է»:
Փոստանջյանն ասել է, որ եթե Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահը լիներ, ապա չէր ստորագրի հայ-թուրքական արձանագրությունները, որոնցով «նախատեսվում է թշնամուն հողեր հանձնել»: