Home / Հայաստան / ՌՈ-ն, զինդատախազությունը, ՊՆ քննչականը պետք է վերանան. Բագրատյանի բանակի տեսլականը

ՌՈ-ն, զինդատախազությունը, ՊՆ քննչականը պետք է վերանան. Բագրատյանի բանակի տեսլականը

ՀՀ նախագահի թեկնածու, «Ազատության» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը ՀՀ զինված ուժերի բարեփոխումները դիտարկում է որպես երկրում սահմանադրական կարգի վերականգնման և երկրի արմատական բարեփոխումների կարևոր մաս: Այս մասին Բագրատյանն ասել է «Բանակն իրականում» նախաձեռնության հարցմանն ի պատասխան: Նա նշել է, որ իշխանափոխությունից հետո կազմելու է փորձագիտական խումբ՝ քաղաքացիական հանրության ներկայացուցիչների ներգրավմամբ և մշակելու ու իրականացնելու է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների արմատական ծրագիր, որը կնպաստի բանակի մարտունակության բարձրացմանը և զինծառայողների իրավունքների պաշտպանությանը:

Նա նաև պատասխանել է նախաձեռնության բարձրաձայնած 7 հարցերին առանձին-առանձին:

1. Ինչպիսի սկզբունքով պետք է համալրվի Զինված ուժերի շարքային կազմը` ա/զորակոչային, բ/պայմանագրային, դմիլիցիոնայինաշխարհազորային, գ/խառը

Զինված ուժերի բացառիկ գործառույթը պետք է լինի Հայրենիքի պաշտպանությունը: Հայրենիքի պաշտպանությունը չի կարող իրականացվել անվճար: Զինված ուժերի շարքային կազմը պետք է ձևավորվի պայմանագրային սկզբունքով, իսկ մինչև դրան անցնելը՝ երեք տարվա ընթացքում, այն պետք է լինի խառը: Զինծառայությունը պետք է պարտադիր լինի արական սեռի բնակչության համար, բայց պետք է ստեղծել նաև պայմանագրային կանանց զորամասեր։ Բոլո՛ր զինծառայողները պետք ստանան միջինից ոչ պակաս աշխատավարձ: Ավելին, կարծում եմ, որ նրանց վարձատրությունը մի 20%-ով բարձր պետք է լինի ՀՀ-ում միջին աշխատավարձից։

Ռազմական կրթարանները պետք է արմատական բարեփոխման ենթարկվեն: Սպայական կադրերը պետք է կրթվեն ըստ օրենքների և սահմանադրության: Զինված ուժերում ծառայության ընթացքում զինծառայողները պետք է ունենան [լրացուցիչ] մասնագիտություն ստանալու հնարավորություն:

Պահեստզորում գտնվող անձինք պետք է պարբերական ուսումնական ծրագրերի մասնակցեն, որի ընթացքում պետք է պահպանեն իրենց աշխատատեղը և աշխատավարձը, որի երաշխիքները պետք է ստեղծի պետությունը: Ակտիվ պահեստազորը պետք է լինի բարձր վճարովի, կամավոր, երկսեռ, անսահմանափակ ժամկետով. միակ սահմանափակումը զինծառայողի տարիքն է:

2. Ինչպիսի կառուցվածք և կազմ պետք է ունենան Զինված ուժերը:

Ներկա պահին մենք տեսնում ենք զինված ուժերը՝ կազմավորված կորպուսներում, որոնք ներառում են բոլոր զորատեսակները: Միաժամանակ հեռանկարում հնարավոր ենք համարում դեսանտապարտիզանական բանակին բնորոշ լավ զինված և պատրաստված մոբիլ զորամիավորումներ կազմավորումը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը պետք է զբաղվի պաշտպանական ոլորտի քաղաքականությամբ, իսկ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը՝ զինված ուժերի կառավարմամբ: Պաշտպանության նախարարությունը պետք է ստանձնի զինծառայողի իրավական և սոցիալական ապահովման խնդիրները՝ հանդերձավորումից մինչև կրթություն, իսկ գլխավոր շտաբը՝ զորքերի կառավարումը մարտական և ոչ մարտական իրավիճակներում:

Զինվորական ծառայությունը պետք է լինի պայմանագրային (վճարովի) պարտադիր ժամկետային ծառայության և պայմանագրային կամավոր՝ անժամկետ ծառայության համար։

3. Ինչ կազմակերպաիրավական երաշխիքներ պետք է սահմանվեն Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության համար:

Զինված ուժերում զինծառայողների իրավունքների պաշտպանությունը պետք է իրականացվի ճիշտ այնպես, ինչպես մյուս բոլոր քաղաքացիներինը։ Նախ, բանակ զորակոչվելուց հետո զինվորը պետք է մնա քաղաքացի և իր մոտ պահի անձնագիրը։ Նրա իրավական պաշտպանությունը պետք է լինի այն քաղաքացիական-իրավական հարթության մեջ՝ ինչպես բոլորինը։ Բոլոր տեսակի զինվորական գերատեսչական քննչական, ոստիկանական ու դատախազական մարմինները պետք է լուծարվեն։ Զորակոչվածի բուժզննումը պետք է կատարվի քաղաքացիական բուժհաստատություններում:

Զինծառայողները պետք է լիարժեք օգտվեն իրավունքների պաշտպանության այն բոլոր մեխանիզմներից, որոնք ամրագրված են ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ քաղաքացիների համար։

4. Ինչպիսին պետք է լինի Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական
վերահսկողության համակարգը /սկզբունքներ, ինստիտուտներ, գործառույթներմեխանիզմներ, լծակներ/:

Ընդհանուր առմամբ, զինված ուժերի նկատմամաբ իրավական վերահսկողությունը պետք է լինի ինչպես բոլոր քաղաքացիների համար։ Բանակը պետք է մոտեցնել ու նույնացնել քաղաքացիական ինստիտուտներին։

Պաշտպանության նախարարը պետք է հաշվետու լինի խորհրդարանի առաջ և հանդես գա պարբերական հաշվետվությամբ՝ զինված ուժերում առկա վիճակի մասին: Զինծառայողը պետք է մշտական կապ ունենա իր ընտանիքի հետ:

Իրավապաշտպան կազմակերպությունները պետք է հնարավորություն ունենան մշտական դիտարկման ենթարկելու մարդու իրավունքների վիճակը զինված ուժերում:

5. Ինչպիսին պետք է լինի պաշտպանական բյուջեի ձևավորման, կատարման,
հսկողության և վերահսկողության համակարգը, այդ թվում` թափանցիկության
ապահովման տեսակետից /սկզբունքներ, ինստիտուտներ, գործառույթներ, մեխանիզմներ, լծակներ/:

Բացարձակապես նույնը՝ ինչը մնացած բոլոր բյուջետային կառույցներինը։

6. Որոնք են Զինված ուժերի գործունեության գաղտնիության ապահովման

պարամետրները:

Գաղտնիության ենթակա են միայն ԶՈՒ տեղաբաշխումը, կառուցվածքը, տեղեկությունները զենքերի քանակի ու որակի մասին։

7. Ինչպե՞ս պետք է վերակազմակերպվեն զինված ուժերին առնչվող իրավապահ
մարմինները՝ ՊՆ Ռազմական ոստիկանությունը, ՊՆ քննչական ծառայությունըԶինվորական դատախազությունը:

Այս երեք մարմիններն էլ պիտի վերանան: