16 օր առաջ հացադուլ հայտարարած ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաա Ղուկասյանը համոզված է, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձից հետո ընտրությունները հետաձգելու դեպքում քաղաքական իրողությունը կարող էր էապես փոխվել: Այս մասին թեկնածուն ասել է Epress.am-ի թղթակցի հետ զրույցում:
«Հաշվի առնելով այն, որ հանցագործությունը բացահայտված չէ, վտանգը Պարույր Հայրիկյանի նկատմամբ պահպանվում է, այնուամենայնիվ, Հայրիկյանը իր որոշումն ընդունել է», -ասել է Ղուկասյանը:
Չբացառելով Հայրիկյանի մահափորձի վարկածներից և ոչ մեկը՝ Ղուկասյանը նշել է, որ իրավապահ մարմինները պետք է թողնեն դրանցից իրատեսականները:
«Այն փաստը, որ առ այսօր իրավապահ մարմինները հանդես չեն եկել պարզաբանող տեղեկություններով, կարող է վկայել, որ պետության բնականոն աշխատանքի վրա քաղաքական ազդեցություններ կան՝ տվյալ դեպքում իրավապահ մարմինների, որպեսզի ոչ առողջ մթնոլորտ ստեղծեն»,- ասել է Ղուկասյանը:
Նա կրկին հիշեցրել է, որ հացադուլը շարունակելու է մինչև վերջ՝ անգամ եթե հարկ լիներ սպասել ևս 40 օր, ու կդադարեցնի միայն մեկ պայմանով՝ եթե Հայաստանում քաղաքական իրադրությունը փոխվի, կատարվեն իր պայմանները:
«Չքննարկենք այն, ինչը չեղավ, ես իմ դիրքորոշումն արդեն հայտնել եմ բոլոր դեպքերի համար. ի սկզբանե, երբ որոշել էի հացադուլ հայտարարել, ենթադրում էի, որ ամենաերկար ժամկետը կարող է լինել 6 շաբաթ, հաշվի առնելով, որ տեսականորեն ընտրությունները կարող են ինչ-ինչ պատճառներով 2 շաբաթով հետաձգվել: Ուստի ինձ համար 2 շաբաթով հետաձգվելը նորություն չէր լինի ու ես հոգեբանորեն պատրաստ էի այդ զարգացմանը»,- ասել է թեկնածուն:
Ղուկասյանը նաև տեղեկացրել է, որ թեև ողջ հացադուլի ընթացքում ինքնազգացողության վատթարացում չի արձանագրվել, համենայնդեպս, հետազոտության է ենթարկվել:
«Երեկ արյուն եմ հանձնել հատազոտության, հիմա բժիշկների հետ վերլուծում եմ վիճակն ու ռազմավարությունը, ամեն ինչ նորմալ է», – ասել է թեկնածուն:
Ղուկասյանը նաև ընդգծել է, որ ինքը չի հասցնում ձանձրանալ, քանի որ այցելուները շատ-շատ են՝ հասարակ քաղաքացիներից մինչև հայտնի մարդիկ:
Մեր զրուցակիցն ընդգծել է, որ աշխատում է ուշադրություն չդարձնել ու չմեկնաբանել թեկնածուներից ոմանց չարախոսությունները: Նա նաև շեշտել է, որ չունի գործող նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքի կարիքը:
«Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանից որևէ մեսիջ չեմ սպասում, ես եմ նրան մեսիջ ուղարկել», – ասել է Ղուկասյանը: