Լիցենզավորման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծում խոսքը հատկապես գնում է կրթության որակի վերահսկողության մեխանիզմների օրինականացման և առավել խիստ հսկողական մեխանիզմների ներդրման մասին՝ բարձրագույն և միջին մասնագիտական կրթությունների ոլորտում: Այս մասին այսօր ԱԺ-ում օրինագծի քննարկման ժամանակ ասել է հիմնական զեկուցող, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով խնդրին, ասել է, որ մի ժամանակ քաղաքական կուսակցություններից շատ մասնավոր բուհերն էին, որոնք զտվեցին, դարձան 36, իսկ այդ բուհերից որոշների դիլետանտիզմի վրա հիմնված լինելը և կրթական արտադրանքի անորակությունը որևէ մեկի մոտ կասկած չպետք է հարուցի: Նա նշել է, որ հարկավոր է խստացնել քաղաքականությունը և հնարավորինս սեղմել մասնավոր բուհերի ցանկը:
Ի պատասխան՝ Արմեն Աշոտյանն ասել է, որ ինքն այն տեսակետին չէ, թե թվային պատկերը պետք է սեղմել:
«36 բուհերն ունեն առնվազն միջին եվրոպական չափանիշներ: Այսօր մենք ունենք ավելի խիստ հսկողական մեխանիզմներ: Ես չեմ ուզում, որ այս օրենքը դիտվի որպես մասնավոր բուհերի դեմ նախաձեռնություն, սա կրթության որակի ապահովման միասնական քաղաքականության նախաձեռնություն է», – ասել է նախարարը:
Զոհրաբյանը նշել է, որ երբ ինքը խոսեց որակի մասին, նկատի չուներ քանակը՝ ընդգծելով, որ որոշ ոչ պետական բուհեր չեն ապահովում ոչ միայն միջին, այլև եվրոպական նվազագույն չափանիշները:
«Ես կարծում եմ, որ մենք այստեղ է, որ լրջագույն անելիքներ ունենք և դրանով վստահ եմ կլուծվի ձեր երջակության հարցը»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:
Աշոտյանն էլ հակադարձել է, թե «հուսով եմ՝ ձեր քաղաքական օրակարգում չի իմ երջանկության հարցը»:
Մտքերի փոխանակման ժամանակ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանն առաջարկել է «բանակը դարձնել կրթության դարբնոց» և բանակում տալ այնպիսի կրթություն, որ համահունչ լինի մեր տնտեսության զարգացմանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, իր հերթին, նշել է, որ բուհի և մասնավոր բուհի հետ կապված՝ համակարգում առկա է կոնցեպտուալ սխալ, և այդ սխալը շարունակում են տարիներ շարունակ:
«Ազատ տնտեսությունը, շուկայական տնտեսությունն իր մեջ ներառում է նաև բարձրագույն ուսումնական և առավել ևս միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, և այստեղ որոշողը գործատուն է, ոչ թե նախարարությունը: Դուք գործադիրի ֆունկցիան տարիներ շարունակ փորձում եք վերցնել ձեզ և շարունակում ենք պետական մոնոպոլիայի ուժեղացումը այդ բնագավառում:
Տարօրինակ չթվա, զուգահեռներ եմ անցկացնելու: Տարիներ շարունակ շատերը չէին ընդունում սեղանիկները, բայց սեղանիկները դարձան կրպակներ, կրպակները՝ խանութներ, խանութները՝ սուպերմակետներ, դա բնական ճանապարհ էր, պետք է կուսակցություններն էլ անցնեին նույն բնական ճանապարհով: Քանակային մտածողություն տվյալ դաշտում չի կարելի ունենալ: Եթե 90 է կամ 150, ապա այդ 150-ը պետք է դառնա հինգ կամ վեց ժողովրդի, պատվիրատուի ուզածով, ոչ թե ինչ-որ մեկը պետք է որոշի, որ Հայաստանում 15 կուսակցություն, 15 հատ սուպերմարկետ, հինգ հատ բուհ: Էդպես չի: Մասնավոր բուհերը լուրջ մրցակցության դաշտ են, լուրջ մանևրելու դաշտ են, որը չունեն պետակա բուհերը, դա օրինաչափ է, բայց դա բնակա՞ն է», – ասել է Արամ Մանուկյանը: