Այն, որ Գյումրիից Երևան ուղևորվող երթուղայինները Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքների օրերին մարդկանց մայրաքաղաք չեն տեղափոխել, քաղաքական ենթատեքստ չունի, այսօր լրագրողներին վստահեցրել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին կրկին երթուղայինների աշխատանքը դադարեցվի, Գրիգորյանը պատասխանել է, որ այդ գիծն իրեն այլևս չի պատկանում, քանի որ ինքը՝ որպես պատգամավոր, բիզնես գործունեությամբ չի զբաղվում: Ինչ վերաբերում է այն ժամանակներին, ապա, Գրիգորյանի խոսքով, եթե խոչընդոտներ եղել են, ապա միայն տեխնիկական պատճառներով:
«Կոնկրետ խոչընդոտ, որ ճանապարհ, փակեն, որ մեքենաներ չաշխատեն, նման բաներ չեն եղել, ուղղակի ժամանակին մենք բարձրաձայնել ենք, ու հիմա էլ այդ խնդիրը կա, որ ուղևորահոսքի հետ կապված ուսանողների հետ կապված, ես ուսումնասիրել եմ, որ ուրբաթ-շաբաթ օրերին Երևանի կողմից միշտ խնդիրներ են առաջ գալիս: Հիմնականում եթե խնդիր ենք ունեցել, համընկել է այդ օրերի հետ: Տեխնիկական բնույթի են եղել խնդիրները, ոչնչով դիտավորյալ կամ կազմակերպված չեն եղել»,- ասել է Գրիգորյանը՝ նշելով, որ մարտի 1-ի հանրահավաքին, եթե տեխնիկակական խնդիրներ չլինեն, «ինչ-որ քաղաքական ենթատեքստ չի կարող լինել»: