«Դալմա Մոլ» սեփականատեր, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, ի վերջո, կասեցրել է ֆրանսիական հայտնի «Կարֆուր» հիպերմարկետների ցանցի հետ պայմանագիրը, գրում է «Ժամանակ» թերթը՝ հղում կատարելով իշխանական աղբյուրին։
Թերթի փոխանցմամբ՝ դա հիմնականում կատարվել է Հայաստան առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի գործուն ջանքերի արդյունքում։
Նախնական հայտարարությամբ՝ «Կարֆուրը» Հայաստանում պետք է սկսեր գործել դեռ անցյալ տարվա նոյեմբերին։ Թերթը հիշեցնում է, որ «Կարֆուրը» տարբեր երկրներում ունի ավելի քան 15 հազար առևտրական կենտրոն և հիմնականում ինքն է ներկրում իր հիպերմարկետներում վաճառվող ապրանքը, ինչի արդյունքում կարող էր համեմատաբար էժան ապրանքներ վաճառել Հայաստանում:
Ավելի վաղ «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, որ «Կարֆուրի» գործունեության արդյունքում հայաստանցի օլիգարխներից շատերը պարզապես կսնանկանային: Բացի դա, «Կարֆուրը» կդառնար ոչ միայն սննդամթերքի խոշորագույն ներկրողներից մեկը, այլև կարող էր զբաղվել արտահանմամբ: Մասնավորապես, նա կարող էր արտահանել Հայաստանում արտադրվող մրգի մի որոշ մաս՝ այլ երկրներում գտնվող իր հիպերմարկետներում վաճառելու համար: Սրանով ցանցը նույնպես մեծ վտանգ է ներկայացնում օլիգարխների համար, գրել էր «ՀԺ»-ն: