Ընտրությունները հետաձգելու միջնորդությամբ Սահմանադրական դատարան չդիմելու մասին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի որոշումը մեծ հարված հասցրեց ընտրական գործընթացին, երկրորդ անգամ գցեց Հայրիկյանի վարկանիշը որպես անկախ թեկնածուի, քանի որ ապացուցեց, որ նա նպատակ չի էլ ունեցել դառնալ նախագահ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը (լուսանկարում):
Բանախոսը հիշեցրել է, որ Հայրիկյանը նման սխալ թույլ տվել էր՝ Սահմանադրական բարեփոխումներ կատարելու ժամանակ համագործակցելով իշխանությունների հետ: Ըստ Մարտիոսյանի՝ այս հարձակումից հետո հետաձգելով ընտրությունները՝ Հայրիկյանը կարող էր ընդդիմադիր թեկնածուների օգտին մի քայլ արած լինել, քանի որ օրեցօր Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի վարկանիշն ավելանում է, կավելանար նաև իր՝ Հայրիկյանի վարկանիշը, եթե ընդդիմադիրները ստանային ևս 15 օր՝ քարոզարշավ անցկացնելու համար:
«Քանի որ երեք ընդդիմադիր ուժերը ուշ հայտարարեցին, որ չեն մասնակցելու ընտրություններին, առաջադրվող թեկնածուները վատ պայմաններում, երկրորդ պլանից առաջադրվեցին, և քարոզարշավի ամեն օրը աշխատում էր իրենց օգտին: Վատ չէր լինի, որպեսզի թեկնածուները ևս 15 օր նվեր ունենային քարոզարշավի համար»,- ասել է Մարտիրոսյանը:
Ըստ բանախոսի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի վարկանիշի կտրուկ աճի մասին է վկայում այն, որ Սերժ Սարգսյանն էլ սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել իր տեքստերին: Մասնավորապես, Մարտիրոսյանը նկատել է, որ Սարգսյանի վերջին ելույթը նման էր ՀԱԿ-ի հանրահավաքներին հնչող կոչերին, այն գրաքննության, հովանավորչության, կոռուպցիայի, բռնության պատրաստ ստահակների վերացման անհրաժեշտության մասին էր: