հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ցուցմունք տալուց հետո վկային սպառնում են. ո՞ւմ վրա են «գործ սարքում»

Ցուցմունք տալուց հետո վկային սպառնում են. ո՞ւմ վրա են «գործ սարքում»

Իրեն ոչ ձեռնտու ցուցմունք տվող վկային հայցվորը շանտաժի է ենթարկել, սպառնացել, թե կկործանի նրա ու հարազատների տունը: Այս մասին Epress.am–ին հայտնել է վկա Մերի Իսրայելյանը, ով դատախազության կողմի միջնորդությամբ կանչվել էր Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ Գարիկ Հարությունյանի և Հրաչյա Գևորգյանի գործով ցուցմունք տալու:

Հիշեցնենք, որ ամբաստանյալները մեղադրվում են Նաիրա Հարությունյանին և նրա որդուն առևանգելու մեջ:

Պաշտպանական կողմը, սակայն, պնդում է, որ կինը գործ է «սարքում» իր փաստացի ամուսնու՝ Հրաչյա Գևորգյանի դեմ, իր բազում պարտքերը մարելուց խուսափելու համար:

Մերին պատմել է, որ երեկ դատարանում Նաիրա Հարությունյանի հայրը փորձել է համոզել, որպեսզի ինքը վկայություն չտա: Այնուամենայնիվ, վկան պատմել է իր և Հարությունյանի հարաբերությունների մանրամասները:

Մերին ընդգծել է, որ Նաիրան իրենից շորեր է գնել, վարձակալել է իրեն պատկանող բնակարանը, հետո ասել է, որ «անձնական պատմությունների մեջ է ընկնել» ու հրաժարվել է մարել մոտ 15000 դոլարի հասնող պարտքերը:

«Նաիրան զանգել է մեր տուն, ասել ինձ, որ մի ժամից զանգեմ իր հորը ու ասեմ, որ Հրաչը իրեն գողացել է: Հետո էլ, երբ Հրաչին արդեն ձերբակալել էին, ինձանից էլի ապրանք առնելու էր եկել, ասեց, որ Հրաչի գլխին սարքել է, որ հանգիստ ապրի: Էս մասին ես ասել եմ երեկ դատարանում, որի համար էլ ինձ, սկեսուրիս Նաիրան երեկոյան սպառնալիքներ տվեց»,- Epress.am-ի ասել է Մերի Իսրայելյանը:

Մերին ասել է, որ ինքը միակը չէ, ում Նաիրա Հարությունյանը «քաշել է», ու շատ տուժածներ են դիմել ոստիկանություն:

«Ուղղակի երբ Նաիրան Մաշտոցի բաժին է ընկնում, հետո կարողանում է դուրս գալ», – ասել է Իսրայելյանը՝ հավելելով, որ Նաիրան ոստիկան ծանոթ ունի:

Երեկ նիստի ժամանակ դատավորի միջնորդությամբ հրապարակվել է վկայի նախաքննական ցուցմունքը, որը, պարզվել է, չի համապատասխանում նոր ցուցմունքին:

«Նաիրա Հարությունյանը նստած էր քննիչի կողքին, ու ինձ հարցաքննեցին, ու թուղթ տվեցին, որ ստորագրեմ», – դատարանին ասել է վկան՝ երդվելով, որ չի ստում:

Դատավորը դիմել է դատախազին՝ ասելով, թե «սա հայտարարություն է հանցագործության մասին»:

Հաջորդ դատական նիստը կայանալու է փետրվարի 11-ին՝ ժամը 12.00-ին: