Ադրբեջանցի լրագրող Էլչին Իսմայիլին պդնում է, որ իշխանություններն իր վրա ճնշումներ են գործադրել՝ պահանջելով չլուսաբանել հունվարի 23-24-ին Իսմայիլի քաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցերը: Այս մասին հաղորդում է «Ազադլիղ» ռադիոկայանը:
Էլչին Իսմայիլին աշխատում է «Ազադլիղ» թերթում, նա այն քիչ լրագրողներից մեկն է, ով լուսաբանել է այն, ինչ իրականում կատարվել է Իսմայիլիում:
Լրագրողի խոսքով՝ սկզբում իրեն կաշառք են առաջարկել, հետո սպառնացել են, որ կձերբակալեն:
«Ինձ կաշառք էին առաջարկում, ասում էին՝ պարզապես կանգնիր հեռվում և հետևիր, թե ինչ է տեղի ունենում, մի գրիր և տեղակատվություն մի տարածիր սոցիալական ցանցերում», – նշել է լրագրողը:
Նրա խոսքով՝ սպառնալիքները շարունակվել են մինչև փետրվարի 4-ը, որից հետո ձերբակալվել է իր եղբայրը՝ Էլշանը:
«Իմ ձերբակալությունը կարող էր ուշադրություն գրավել, որովհետև ես լրագրող եմ, և նրանք փոխարենը իմ եղբորը ձերբակալեցին: Կարծում եմ՝ դա կապված է իմ գործունեության հետ: Այժմ ճնշումները դադարել են, նրանց կարծիքով՝ ինձ լռեցրեցին», – ասել է լրագրողը:
Էլշանին մեղադրում են զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ: Իսմայլի քաղաքի ոստիկանության պետ Նիզամի Խոջաևը հերքել է, թե Էլշանի ձերբակալությունը կապված է եղբոր լրագրողական գործունեության հետ:
«Նման բան չկա: Արդյո՞ք նա մեծ ֆիգուր է: Լրագրողն ինքն է հորինում այդ ամենը», – ասել է ոստիկանը:
Այնուամենայնիվ, տղաների հայրը՝ Սալման Իսմայիլին, պնդում է, որ իր ընտանիքի վրա ճնշում է գործադրվում որդու գործունեության համար: