2011-2012թթ. ընթացքում իրավապահպանների գործունեության պայմանները ոչ միայն չեն բարելավվել, այլև վատթարացել են, քանի որ ավելացել է իշխանությունների կողմից քարոզչությունը մարդու իրավունքներով զբաղվող ՀԿ-ների դեմ՝ հատկապես կենտրոնանալով դրանց արտասահմանյան ֆինանսավորման վրա: Այս մասին ասվում է «Իրավապաշտպանների վիճակը Հայաստանում» զեկույցում, որը հեղինակել են մի շարք հայաստանյան հասարակական և իրավապաշտպան կազմակերպություններ:
Զեկույցն անդրադարձել է լրագրողների, ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանների, ղարաբաղյան հակամարտության լուծման ջատագովների, բնապահպանների, իրավաբանների նկատմամբ ճնշումների, սպառնալիքների կիրառման դեպքերին:
Այսօր զեկույցը ներկայացնող հեղինակ կազմակերպությունների անդամները ոլորտի համար կարևոր մարտահրավեր են համարել մարդու իրավունքներով զբաղվող «իշխանական ՀԿ-ներ»-ի գործունեությունը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նման «պսևդո-ՀԿ-ների» շարքում նշել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից ստեղծված Մարդու իրավունքների տունը, «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ն, որը դիտորդական առաքելություն է իրականացնում տարբեր ընտրությունների ժամանակ և մշտապես բարձր գնահատում դրանց անցկացումը, «Հայոց արծիվներ» և «Հայազն» միությունները, որոնք իրավապաշտպանների դեմ հարձակումներ են հրահրում, ստանում են կառավարության վարչական աջակցությունը և ծայրահեղ ազգայնական գաղափարախոսություն են քարոզում: Սաքունցն ասել է, որ նման ՀԿ-ների ֆինանսավորելու համար պետբյուջեից հասարակական սեկտորին տարեկան տրվում է 10-12 միլիոն ԱՄՆ դոլար:
Իրավապաշտպանների դեմ իշխանության թշնամական քաղաքականության օրինակներ է բերել նաև «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ-ի նախագահ Մամիկոն Հովսեփյանը՝ հիշեցնելով DIY ակումբի պայթեցումից հետո որոշ պատգամավորների հովանավորչությունը հանցագործներին, գործի բացահայտման ձգձգումը, ԶԼՄ-ների քարոզը մայիսին կայացած Բազմազանության երթի դեմ, այդ երթը գեյ-պառադ որակելը, կազմակերպիչների դեմ մինչ այժմ շարունակվող հետապնդումները, նաև «Պարադա» ֆիլմի ցուցադրության միջնորդությամբ 27 ՀԿ-ների՝ վարչապետին ուղղված նամակի արհամարումը:
Զեկույցի հեղինակները իրավապաշպանների նկատմամբ ճնշում են որակել նաև Փաստաբանների մասին նոր օրենքը, որով իրավապաշտպաններին արգելվում է իրավաբանական գործունեություն ծավալել՝ առանց փաստաբանական արտոնագրի:
«Սոցիոսկոպ» ՀԿ-ի նախագահ Էվելինա Գյուլխանդանյանը խոսել է ՀՀ իշխանությունների գործելաոճին տրվող միջազգային կազմակերպությունների ոչ համարժեք գնահատականի մասին:
«ԵՄ ներկայացուցիչները մեզ ասել են, որ մեր կարծիքը կիսում են, սակայն քանի որ տնտեսանան շահեր ունեն տարածաշրջանում, չեն կարող ավելի խիստ նկատողություններ անել Հայաստանի իշխանություններին», – ասել է Գյուլխանդանյանը:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սոնա Այվազյանն ասել է, որ Հայաստանի իշխանությունները կարողանում են ճնշումներ հրահրել իրավապաշտպանների նկատմամբ նաև երկրից դուրս:
Որպես օրինակ Այվազյանը նշել է Լոս Անջելեսում հայ հայանքի կողմից կազմակերպված միջոցառումը, որտեղ Մամիկոն Հովսեփյանին թույլ չեն տվել ելույթ ունենալ և հայաստանցի իրավապաշտպանները ստիպված են եղել բոյկոտել հանդիպումը:
«Երկու բան է խանգարում Հայաստանում մարդու իրավունքերի պահպանանը. դա հայկական սփյուռքն է և միջազգային կազմակերպությունները»,- գործընկերների ելույթներն ամփոփել է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը: