Հայաստանում ազգային շահերի հաշվին անձնական և կլանային շահերի բավարարման նպատակով երկրի գաղութացման, նրա բնական ռեսուրսների ու մարդկային ներուժի գիշատչական քայքայման ու սպառման քաղաքականությունն իր տրամաբանական արտացոլումն է գտնում նաև արտաքին քաղաքականության ոլորտում: Այս մասին ասված է «Նախախորհրդարան» քաղաքական կազմակերպության հայտարարության մեջ:
«Երկրի ռազմավարական օբյեկտներն ու հիմնական միջոցները օտար կապիտալին հանձնելու և Հայաստանը հանքահումքային կցորդի վերածելու, օտարալեզու դպրոցներ հիմնելու, հայ-թուրքական արձանագրություններ ստորագրելու, Արցախի հարցում պարտվողական դիրքորոշում որդեգրելու քայլերին հաջորդեց Սյունիքի արոտավայրերը իրանցիներին վարձակալության հանձնելու գործարքը: Ներկայացված շղթայի մեջ սրան հաջորդող տրամաբանական քայլը պետության ինքնիշխանության կամավոր զիջումն է:
Այս գործարքի վերաբերյալ ամեն մի ողջամիտ հայ մարդու առաջնային մտահոգության առարկան Հայրենիքից վերջնականապես զրկվելու վտանգն է: Հողերի էրոզիայի և անապատացման, անասնաճարակների և մարդու առողջությանը սպառնացող վտանգների, տեղի հայ բնակչության ապրուստի միջոցների նվազեցման հեռանկարը կամ դիտարկվող գործարքի ակնհայտ ապօրինի առումները նույնպես մտահոգիչ են, սակայն տվյալ պարագայում երկրորդական են դառնում:
Նախախորհրդարանը վարչախմբից պահանջում է դադարեցնել հայրենադավության այս գործարքը, իսկ ժողովրդին կոչ է անում զգոն և հետևողական լինել Հայրենիքը օտարին հանձնելու գործընթացը խափանելու գործում», – ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ «Նախախորհրդարան» միավորման մեջ են մտնում մի շարք հասարակական և քաղաքական գործիչներ, ինչպես, օրինակ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը, ՀՀ առաջին օմբուդսմեն, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը, սիստեմային վերլուծաբան Գարեգին Չուգասզյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: