Հայաստանի ազգային հավաքականը երեկ Ֆրանսիայի Վալանս քաղաքում կայացած ընկերական խաղում ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի ընտրանու հետ, որը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում գտնվում է 145-րդ հորիզոնականում:
Լյուքսեմբուրգի ֆուտբոլիստներն առաջինը բացեցին հաշիվը 14-րդ րոպեին, իսկ խաղակեսի վերջում՝ 42-ին, Էդգար Մանուչարյանը գլխի հարվածով խփեց պատասխան գնդակը:
Երկրորդ խաղակեսում դարպասի գրավում չարձանագրվեց:
Հայաստանի ընտրանու մարզիչ Վարդան Մինասյանը առաջին խաղակեսում մի քանի նորեկների է փորձարկել՝ հաշվի առնելով այն փաստը, որ մարտի 26-ին Չեխիայի հետ կայանալիք ընտրական խաղում բացակայելու են մի շարք հիմնական կազմի ֆուտբոլիստներ՝ Կառլեն Մկրտչյանը, Արթուր Եդիգարյանը, Հրայր Մկոյանը, Լևոն Հայրապետյանը:
Հիմնական կազմում, դարպասապահ Ռոման Բերեզովսկիից բացի, աջ պաշտպանի դիրքում խաղում էր Հովհաննես Համբարձումյանը, ով մինչ այս արդեն փորձարկվել էր հավաքականում, բայց նրա ելույթները դրվագային և ոչ շատ երկար էին եղել: Ձախից դաշտ էր դուրս եկել Կամո Հովհաննիսյանը, իսկ կենտրոնում Ռոբերտ Արզումանյանին կողքին խաղաց թիմի նորեկը՝ Արտյոմ Խաչատուրովը: Հենակետային գոտում, որտեղ մեր թիմն ամենալուրջ խնդիրներն ունի որակազրկումների պատճառով, խաղաց Գյումրիի «Շիրակի» երիտասարդ ֆուտբոլիստ Կարեն Մուրադյանը:
Գրոհների կազմակերպման պատասխանատվությունն ընկել էր Արազ Օզբիլիսի, Հենրիխ Մխիթարյանի, Գևորգ Ղազարյանի, Մարկոսի և Էդգար Մանուչարյանի վրա:
Երկրորդ խաղակեսում Ղազարյանի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել ևս մեկ նորեկ՝ Նորայր Ասլանյանը՝ հոլանդական «Էմմեն» ակումբից:
Նշենք, որ վերջին անգամ եվրոպական գաճաճ պետության ներկայացուցիչների հետ Հայաստանի ընտրանին ոչ-ոքի էր խաղացել 2007 թվականի փետրվարին: Այն ժամանակ հայաստանցիները մրցակցի հարկի տակ 0:0 խաղացին Անդորրայի հետ: