Ժամանակը ցույց կտա, թե ՀԱԿ-ի՝ շարժումից կուսակցության վերածվելը ինչ կտա նախ ժողովրդավարությանը, հետո քաղաքական դաշտին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահի ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հարցազրույցը:
«Ես կոռեկտ չեմ համարում նախօրոք ասել՝ դա ուշացած որոշում է, կտա որևէ բան, թե չի տա: Փաստն այն է, որ ՀԱԿ-ը հիմա չունի այն ազդեցությունը, որն ունեցել է տարիներ շարունակ և դրա մասին ասում է նաև առաջին նախագահը՝ ՀԱԿ-ի մասին խոսելիս: Եթե ինձ չի դավաճանում հիշողությունս՝ հարցազրույցում ասել է, որ հնարավորություն կա, ՀԱԿ-ը վերածելով կուսակցության, դառնալ ամենաառաջադեմ կուսակցություններից մեկը, այսինքն՝ ինքը դրանով ընդունում է, որ ՀԱԿ-ն այսօր առաջադեմ ուժ չէ և իրենք ուզում են փրկել ՀԱԿ-ը, և դարձնել առաջադեմ կուսակցություն: Ես բոլոր քաղաքական գործիչներին, բոլոր քաղաքական ուժերին հաջողություն եմ մաղթում քաղաքական պայքարում: Այստեղ որևէ խանդի տեսարան չկա, ես պարզապես որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ շահագրգռված եմ, որպեսզի Հայաստանում քաղաքական պայքարը բացառապես մղվի քաղաքական դաշտում, քաղաքական ծրագրերի, քաղաքական գաղափարախոսության, այլ ոչ երբեք քաղաքական մերժողականության շրջանակներում: Ես մի բան հասկացա, որ թե ՀԱԿ շարժման, թե ՀԱԿ կուսակցության հիմնական բրենդը պետք է լինի առաջին նախագահը, և այդ իմաստով շարժումը կուսակցության վերածելը, չեմ կարծում, այդքան շատ բան կտա», – ասել է Շարմազանովը:
ՀՀԿ-ականը նաև կարծիք է հայտնել, առաջին նախագահը ակտիվ քաղաքական պայքարի մեջ չի մնա, մանավանդ, որ «ինքը հայտարարել է, որ 68 տարեկան է»: