ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի տպավորությամբ՝ Արդարադատության ակադեմիայի ստեղծմամբ ԱԺ-ն ցանկանում է լուծել դատական իշխանության անկախության կամ ինքնուրույնության ապահովման խնդիրը, ինչը թյուրիմացություն է: Այս մասին Ջհանգիրյանը բարձրաձայնել է խորհրդարանում այսօր կայացած Արդարադատության ակադեմիայի ստեղծման մասին օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ:
«Մենք այսօր ի՞նչ ունենք: Կարծես, ունենք ինքնուրույն դատական համակարգ: Ո՛չ: 2007 թվականի դատական օրենսգրքի ընդունումից հետո մենք ընդհանրապես ավիրեցինք մեր շատ թե քիչ ինքնուրույն դատական համակարգը: Այն ժամանակ, եթե դատավորը կախված էր Վճռաբեկ դատարանից, Արդարադատության նախարարից, գործունեության ոլորտում ինչ-որ չափով նաև Գլխավոր դատախազից կամ դատախազությունից այսօր մեր ցանկացած օղակի դատավոր ուղղակի ենթակայության մեջ է Վճռաբեկ դատարանի նախագահից:
Մենք ունենք մեկ դատավորի դատարան: Ես սա ասում եմ՝ խոհանոցը իմանալով: Դուք մտերիմ դատավորներ գուցե կունենաք, ճշտեք՝ ցանկացած առաջին ատյանի դատարանի դատավոր որոշում կայացնելիս պետք է ունենա առնվազն Վերաքննիչ, լավագույն դեպքում նաև Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի կամ դատարանի նախագահի սանկցիան: Այսօր էդ դատական օրենսգրքով իբր թե մենք դատական իշխանությունը գործադիրից տարանջատում էինք, որպեսզի ապահովեինք նրա անկախությունը, բայց մենք սարքել ենք դատական բուրգ: Էդ բուրգի կառուցումը դատախազության, ոստիկանության, այլ ծառայությունների դեպքում ճիշտ է, բայց դատարանների դեպքում խայտառակություն է: Մենք ինքնուրույն դատական ատյաններ չունենք, դրա համար ցանկացած առաջին ատյանի դատարանի որոշում ուժի մեջ է մնում մինչև վերջ: Եվրոպական դատարանը չի ճանաչում մեր Վճռաբեկ դատարանը որպես իրավունքների պաշտպանության արդյունավետ ատյան»,- ասել է Գագիկ Ջհանգիրյանը:
Ակադեմիայի ստեղծումը Գագիկ Ջհանգիրյանը համարել է ճիշտ գաղափար ու ցավով նշել է, որ Փաստաբանների պալատը դեմ է եղել նախագծին և չի մասնակցել միասնական ուսուցման համակարգին կամ ծրագրին:
ՀԱԿ պատգամավորը նշել է, որ Ակադեմիայի ստեղծումը, եթե այլ որևէ դրական բան չտա, գոնե պետության միջոցների զգալի խնայողություն է, և այդտեղ վտանգ չկա, որ ապագա դատավորներն ու դատախազներն իրար հետ ուսուցանում ու շփվում են, քանի որ նրանք փաթեթներով չեն նշանակվելու աշխատանքի:
«Մեր դատավորները որքան էլ թվապես այսօր շատ են տասը տարվա համեմատ, էլի շատ քիչ են՝ տարին մեկ-երկու նշանակում է լինում: Նաև դատախազների թվաքանակը շատ մեծ չէ, եթե իմ հիշողությունը չի դավաճանում 450-500-ի մոտ են: Այսինքն՝ տարեկան էլի չորս-հինգ այդպիսի նշանակում է լինելու, և այդ կորպորատիվ շահերը այստեղ չեն կարող գերակշռել: Ընդհակառակը, մենք պետք է առողջացնենք մթնոլորտը, ինքնուրույն դարձնենք դատախազությունը, անկախ դարձնենք դատարանը, որ էս ուսուցում կամ վերապատրաստում ստացած մասնագետները կարողանան այդպես գործել: Մենք պոչից բռնել ենք, ուզում ենք՝ գլուխը շտկել, չի ստացվի», – ասել է Գագիկ Ջհանգիրյանը:
Հիմնական զեկուցող, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասել է, որ իրենք երբեք չեն թաքցրել և բարձրաձայնել են, որ այս ոլորտում առկա են խնդիրներ, և, եթե ընդհանրապես խնդիրներ չլինեին, չէր լինի դատաիրավական բարեփոխումների 2012-2013 թվականների ծրագիրը, որի միջոցառումների ցանկը 800-ի է հասնում: Նրա խոսքով՝ նաև մեկ տասնյակից ավելի օրենքների փոփոխություններ են նախատեսված:
Թովմասյանը նշել է, որ այն, թե կարող է տպավորություն ստեղծվել, որ մի սեղանին նստելու է դատավորը, մյուսին՝ դատախազը, չի ենթադրում, թե հենց այդպես էլ լինելու է: Դատավորների և դատախազների ուսումնական ծրագրերը տարբեր են լինելու, սակայն նախատեսված են նաև համատեղ ծրագրեր: