Փետրվարի 6-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնում տեղի ունեցավ քննարկում, որը նվիրված էր վերջին երկու ամիսների ընթացքում Ստամբուլում տարեց հայ կանանց նկատմամբ իրականացված բռնությունների խնդրին:
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը նշել է, որ վերջին 5-6 տարիների ընթացքում Թուրքիայում արձանագրվում է հակաքրիստոնեության ու հակահայկականության դրսևորումների անշեղ աճ: Իսկ վերջին շրջանում, կապված մոտեցող Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ, հայատյածության ալիքն էլ ավելի է ուժեղացել:
Անուշ Հովհաննիսյանը, հանդես գալով Ստամբուլի Սամաթյա թաղամասում տեղի ունեցած դեպքերի մանրամասների հանգամանալից վերլուծությամբ, ընդգծել է, որ դրանք ունեցել են հստակ կազմակերպված բնույթ և նպատակ, այն է` ահաբեկել հայերին ու խորացնել վախի և սպառնալիքի մթնոլորտը: Ավելին, նշված դեպքերի կապակցությամբ թուրքական իշխանությունների որդեգրած կրավորական կեցվածքը կարելի է մեկնաբանել որպես «անուղղակի մեղսակցություն կամ հանցավոր անգործություն»:
«2007 թ. Հրանտ Դինքի սպանությունից հետո հայերը սկսել են առավել ինքնակազմակերպվել ու բարձրացնել իրենց հուզող խնդիրները, հետևաբար, նմանատիպ բռնությունները նպատակ ունեն լռեցնելու հայերին»,- եզրակացրել է բանախոսը:
Վահրամ Տեր-Մաթևոսյանը խոսել է Ստամբուլում տարեց հայ կանանց վրա կատարված հարձակումների վերաբերյալ թուրքական և օտարերկրյա մամուլում եղած արձագանքների մասին: Նա մասնավորապես նշել է, որ առանձնապես կարևոր էին հեղինակավոր Catholic News-ի և Huffington Post-ի անդրադարձերը, որոնք ընդգծում էին, որ Թուրքիայում հաճախակի են դառնում խտրականության քաղաքականության դրսևորումները, ուժեղանում է վախի մթնոլորտը, ինչը ավելի ցցուն է դարձնում կրոնական փոքրամասնությունների, հատկապես՝ քրիստոնյաների անվտանգության հետ կապված լուրջ խնդիրների գոյությունը:
Լևոն Հովսեփյանն էլ նկատել է, որ պետք է դիտարկել նաև թուրքական հասարակության որոշ շրջանակների մոտ հոգեբանական գործոնի դերը: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հատկապես թուրքական ազգայնական շրջանակների մոտ առաջանում է տագնապ, որը ծնում է անկառավարելի վարք ու այսպես ասած «հակագործողություններ», որին վերջին շրջանում թիրախ դարձան անպաշտպան տարեց հայ կանայք:
Տաթևիկ Մանուկյանը անդրադարձել է քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության համանախագահ Գյուլթան Քըշանաքի և Ժողովրդավար հասարակություն կուսակցության նախագահ Ահմեդ Թյուրքի հայտարարություններին, որոնք փաստացի միակ արձագանքն էին Թուրքիայի քաղաքական կուսակցությունների և խորհրդարանական խմբակցությունների կողմից, փաստելով, որ քուրդ քաղաքական գործիչները դատապարտում են Սամաթյայում հայ կանանց վրա հարձակումները, դրանք որակում որպես ռասիստական և ընդգծում այն ակնընհայտ իրողությունը, որ հարձակումները կատարվել են ատելության հողի վրա:
Ծավալված քննարկման ընթացքում կարևորվել է, մասնավորապես, այն եզրակացությունը, որ հայատյացության և հակաքրիստոնեության հողի վրա պարբերաբար տեղի ունեցող սպանությունները և այլ հանցագործությունները, որոնց կազմակերպիչները և իրականացնողները դեռևս մնում են չբացահայտված, վկայում են այն մասին, որ Թուրքիայի իշխանությունները չեն ցանկանում կամ չեն կարողանում իրական ու շոշափելի քայլեր ձեռնարկել կրոնական ու ազգային փոքրամասնությունների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Այս պայմաններում, UNDP-ի տարածաշրջանային գրասենյակի Ստամբուլ տեղափոխումը անընդունելի է: