Հիմնադրման պահից ի վեր Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցությանը անդամակցող Հենրիկ Ավագյանին կուսակցությունից հեռացրել են այն պատճառով, որ նա որոշել է սատարել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին գալիք նախագահական ընտրություններում` գլխավորելով վերջինիս նախընտրական շտաբը Արտաշատում:
ՀՀՇ վարչության ղեկավար Արամ Մանուկյանը «Հայկական ժամանակ» թերթի հետ զրույցում մեկնաբանել է ստեղծված իրավիճակը, մասնավորապես, Արտաշատի տարածքային կառույցի տվյալ որոշումը։
«Արտաշատի տարածքային կառույցը գործել է լրիվ կանոնադրական սահմաններում, որևէ իրավունքի չարաշահում չի եղել։ Տարածքային կառույցները լրիվ ինքնուրույն են և ընդունելության, և հեռացնելու հարցում։ Այսինքն, իրավական առումով որևէ խախտում տեղի չի ունեցել։ Քաղաքական առումով, ես կարծում եմ, հեռացումը լավագույն լուծումը չէր։ Ես այդպես չէի անի։ Բայց կա նաև մի այսպիսի նրբերանգ, բողոքողը, ըստ մեր կանոնակարգի, լիովին իրավունք ուներ բողոքարկել, գալ վարչություն, տեղյակ պահել վարչությանը կամ ինձ, ինչը բացարձակ տեղի չի ունեցել, և եկել է «Հայկական ժամանակ», ինչը ինձ համար տարօրինակ է»,- ասել է Արամ Մանուկյանը։
«ՀԺ»-ն նշում է, սակայն, որ Հենրիկ Ավագյանը չի եկել խմբագրություն, թերթի թղթակիցը նրան հանդիպել է Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի աշխատանքները լուսաբանելիս, թեկնածուի կենտրոնական գրասենյակում։
«Այս պատմության մեջ կարևորն այն է, սակայն, որ Հրանտ Բագրատյանի թեկնածությունը պաշտպանելը այնպիսի մահացու մեղք է, փաստորեն ՀՀՇ անդամի համար, որ նրան կարելի է հեռացնել կուսակցությունից», – գրում է «Հայկական ժամանակը»։
Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հենրիկ Ավագյանը պատմել է, թե ՀՀՇ-ի խորհրդի անդամ Հարություն Հովհաննիսյանը կիրակի օրը կայացած նիստին հայտարարել է, թե իրեն հեռացնում են հենց Հրանտ Բագրատյանին սատարելու համար:
«Ինքը (Հովհաննիսյանը – խմբ.) ներկայացրեց, որ ՀԱԿ-ը որոշում է կայացրել, որ չսատարել ոչ մեկին, չենք պաշտպանում ոչ մեկին, բայց դու որ պաշտպանեիր Արման Մելիքյանին, մենք քեզ չէինք հեռացնի, բայց որ պաշտպանում ես Հրանտ Բագրատյանին, մենք քեզ պիտի հեռացնենք ՀՀՇ-ից», – պատմել էր Ավագյանը: