Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է 2012թ. փետրվարի 23-ին մարտական հենակետում շարքային Իգնատ Ենգիբարյանի կողմից շարքային Ա. Ադիբեկյանի սպանության գործով դատավարությունը: Սույն գործով դատական հերթական նիստը նշանակված է փետրվարի 8-ին:
Դատական տեղեկատվական «Դատալեքս» կայքում նշված է, որ այս գործով ամբաստանյալին պաշտպանում է փաստաբան Սամվել Շարբաթյանը, իսկ մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազ Թևոս Միրզաբեկյանը, գրում է Aravot.am-ը՝ հիշեցնելով, որ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Սամվել Շարբաթյանը զոհվել է 2012թ. նոյեմբերի 18-ին՝ Լոռու մարզի Շահումյան գյուղի «Մուշ» ռեստորանային համալիրում, իսկ Լոռու կայազորի զինվորական դատախազ Թևոս Միրզաբեկյանը 2012 թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով գլխավոր վարչության պետի պաշտոնում:
«Առավոտը» զանգահարել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի (ում կողմից քննվում է Ա. Ադիբեկյանի սպանության գործը) գրասենյակ և տեղեկացրել, որ «Դատալեքս»-ում Ադիբեկյանի սպանության գործով որպես դատավարության կողմեր նշված են երկուսուկես ամիս առաջ զոհված փաստաբանի և մեկուկես ամիս առաջ աշխատատեղը փոխած դատախազի անունները, խնդրել է հայտնել, թե նրանց ովքեր են փոխարինում այդ դատավարությունում:
«Հիմա ««Դատալքեսում» փոփոխություններ կկատարենք, կտեսնեք«, – պատասխանել է դատավորի գրասենյակի աշխատակցուհին:
Հարցին, թե իրենց կողմից արվելիք այդ փոփոխություններն ուշացած չե՞ն, աշխատակցուհին ասաց՝ ոչ, ուշացած չեն: