«Հայ ազգային կոնգրես» անունով կուսակցություն ստեղծելու նախաձեռնությամբ 28 հոգի դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀԱԿ համակարգող, ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով՝ մարտի 22-ին Կառավարության նիստերի դահլիճում կկայանա կուսակցության առաջին հավաքը:
Կուսակցության ստեղծումը, ըստ Զուրաբյանի, չի նշանակելու ՀԱԿ դաշինքի գործունեության դադարեցում. այն անկուսակցական անհատների և քաղաքական տարբեր ուժերի միջև ավելի սերտ կոնսոլիդացիայի փորձ է: Զուրաբյանը նաև Կոնգրեսի անդամ մյուս քաղաքական գործիչներին կոչ է արել միանալ, եթե նրանք կիսում են «Հայ ազգային կոնգրես» կուսակցության գաղափարախոսությունը, որի հիմքում, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն էր հայտարարել, լինելու է սոցիալ-լիբերալիզմը և որը նպատակ է դնելու մասսայական դեմոկրատական շարժման միջոցով կազմաքանդել քրեաօլիգարխիկ համակարգը։