Դավիթաշեն համայնքի բնակիչների շրջանում հեռախոսով անցկացվում է սոցիոլոգիական հարցում` «Ո՞ւմ եք ընտրելու» թեմայով, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Թերթը նշում է, որ քաղաքացիներից մեկը, ստանալով հեռախոսազանգը և լսելով հարցը, պատասխանել է. «Բայց քվեարկությունը գաղտնի է, և ես չեմ պատրաստվում հիմա ձեզ ասել, թե ում եմ ընտրելու»:
Նույն քաղաքացին պարզել է, որ իր և ընտանիքի անդամների տվյալները, ինչպես նաև հասցեն հայտնվել են իրենց բակում տեղակայված Սերժ Սարգսյանի շտաբում:
Շտաբի աշխատակիցները նշված քաղաքացուն սկզբում հաշվառել են 100 տոկոսանոց Սերժ Սարգսյանին քվեարկողների ցուցակում, սակայն «հարցումից» հետո ընտանիքը հայտնվել է «կասկածվողների» ցուցակում:
«ՉԻ»-ն նշում է, որ ընտանիքի հետ սկսել են «աշխատել»՝ փորձելով իմանալ, թե ինչու են քաղաքացիները երկմտում՝ ընտրել Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ:
«Սերժ Սարգսյանի շտաբի աշխատակիցները սպառնացել են «կասկածվողների» ցուցակում հայտնվածներին, որ եթե չընտրեք՝ ձեզ համար հետո լավ չի լինի», – նշում է «ՉԻ»-ն: