ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գիշերը փետրվարի 9-ին՝ 03:00-ի սահմաններում, բաց նամակ է տեղադրել, որը, ըստ հեղինակի,ուղղված է «ընդդիմադիր դաշտի թեկնածուներին»
Նամակում Հայրիկյանը նշում է, որ մամուլից տեղեկացել է, թե միասնական թիմի ցանկություն է եղել և չի իրականացել։
Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ իր զանգերն անարձագանք են մնացել, քանի որ զբաղված են եղել թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, թե՛ Հրանտ Բագրատյանը:
Հայրիկյանը նշում է, որ ճշգրիտ հարցումներով 5 օր առաջ Սերժ Սարգսյանըուներ 43-45%, իսկ ինքը, Հրանտ Բագրատյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 5-35%:
«Եռյակի միասնաբար հանդես գալու դեպքում Սերժ Սարգսյանն ունենում էր 30%, իսկ եռյակը՝ 67-69% (սա քվեարկողների՝ ընտրության մասնակցողների թվում):
Ուզում էի առաջարկել ծանոթանալ այս թվերին և նույնիսկ միասնական ուժերով ստուգել այս հրաշքը։
Բայց սիրելի գործընկերներս միասնաբար հաղթանակի ձգտելու փոխարեն մտածում էին ինչպես բարձրացնել իրենց պարտության տոկոսները։ Եվ արդեն ասում են՝ ուշ է։
Իրականում, եթե ես ընտրությունները հետաձգեմ 14 օրով, ապա մենք կարող էնք մեկ միասնական թեկնածու առաջարկել, ի մի բերել բոլորիս ծրագրերը և 10 օր էլ միասին ներկայանալ ժողովրդին։ Եվ այդ դեպքում մեր միասնական տոկոսը ոչ թէ 70%, այլ՝ 80% էլ կդառնա։
Սիրելի Րաֆֆի և Հրանտ, կամ մենք իրար հետ կհասնենք արդյունքի կամ կպարտվենք առանձին-առանձին։
Հիմա Ձեզ հրապարակավ եմ դիմում և Ձեզ ձայն տալու տրամադրված մարդիկ էլ թող իմանան, թե պարզունակ հավակնությունների պատճառով ձեր ծրագրերն իրականացնելու ինչ հնարավորությունից եք դուք զրկվում։ Սա ձեզ ասում է 1996թ միասնական թեկնածուի ճարտարապետը։
Ժողովուրդ, մենք ընդամենը 30 ժամ ունենք ու ոտքի ելեք ու ոտքի հանեք ձեր բոլոր հնարավորությունները։ ՐՀ-ին և ՀԲ-ին բացատրեք, որ սա մեր բոլորի հաջողության հասնելու վերջին հնարավորությունն է։ Ինձ ձայն տվողներին բացատրել պետք չէ։ Նրանք պատրաստ են․․․
Մշակված են նաև կազմակերպական, հոգեբանական, միասնական թեկնածուի ընտրության տարբերակները», – նշում է Հայրիկյանը: