Խոսքի ազատության պաշտանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի ասուլիսներից մի հատված օգտագործվել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակում: Այս փաստը դուր չի եկել Մելիքյանին նախ այն պատճառով, որ իր խոսքը խեղաթյուրված է ներկայացվել, բացի դա, ինքը, որպես իշխանություններին քննադատող փորձագետ, չէր ցանկանա գործող նախագահի նախընտրական տեսահոլովակում երևալ: Այս մասին Epress.am-ին հայտնել է ինքը՝ Աշոտ Մելիքյանը:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը դիմել է ՀՀ նախագահի թեկնածուի քարոզչությամբ զբաղվող խմբին՝ խնդրելով, որպեսզի այդ տեսահոլովակը այլևս ցույց չտրվի հեռուստատեսությամբ: Մելիքյանն ասել է, որ ինքը նաև դիմելու է տեսահոլովակը համացանցից ջնջելու պահանջով:
Տվյալ տեսահոլովակում մեջբերված ասուլիսի ժամանակ փորձագետը ներկայացնում է 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում ԶԼՄ-ների աշխատանքի մոնիտորինգը: Թեև նախընտրական հոլովակում նշվում է, որ ԶԼՄ-ները այդ ընթացքում ազատ են գործել, Մելիքյանը պնդում է, որ իր խոսքը համատքեստից հանել են. ինքն ասել է, որ 2012-ին 2008 թվականի ընտրությունների համեմատ առաջընթաց է եղել, սակայն եղել են նաև սահմանափակումներ և ճնշումներ լրագրողների վրա:
Մելիքյանն ընդգծել է, որ առանց թույլտվություն հարցնելու անձին նախընտարական արշավում օգտագործելը և՛ լրագրողական, և՛ մարդկային էթիկայի խախտում է, հատկապես, եթե մարդը քննադատում է իշխանությանը և, բնականաբար, չի ցանկանա հայտնվել իշխող կուսակցության առաջնորդի սատարող տեսահոլովակում:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի նախընտրական մեկ այլ տեսահոլովակում հայտվելը դուր չէր եկել նաև այլ անձանց, մասնավորապես, «Լույս» հիմնադրամի շրջանավարտներին: