Փետրվարի 10-ին աղիքային երևույթներով և սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ 22 հիվանդ է հոսպիտալացվել. 15 –ը՝ «Արմավիր», 6-ը` Էջմիածնի բժշկական կենտրոնների ինֆեկցիոն բաժանմունքներ, 1-ը` Երևան: Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության կայքը:
ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները պարզել են, որ հիվանդները փետրվարի 9-ին «Շանսոն» ռեստորանում հարսանյաց հանդեսի ժամանակ կերել են հավի կրծքամսով, սնկով, մայոնեզով պատրաստված աղցան, խոզի մսով խորոված: Սննդի ընդունումից 3-4 ժամ անց հիվանդների մոտ ի հայտ են եկել թունավորման նշաններ: Բոլոր հիվանդների մոտ կլինիկական ախտանշանները հիմնականում նույնն են եղել` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, որովայնի կծկանքային ցավեր,վքնածություն:
Կայքի տեղեկացմամբ՝ թունավորման հավանական գործոնը սնունդն է, քանի որ բոլոր հիվանդներն օգտագործել են նշված միևնույն սննդատեսակները։ Բացի դա, վարակի գաղտնի տևողության ժամանակաշրջանն ու կլինիկական ախտանշանները, ինչպես նաև դրանց միաժամանակ ի հայտ գալը բնորոշ են սննդային թունավորմանը:
ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Շանսոն» ռեստորանում խոհանոցի սանիտարահիգիենիկ վիճակն անբավարար է:
Ներկայումս 21 հիվանդ դուրս է գրվել լավացումով։ Դեռևս հսկողության տակ է գտնվում Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ տեղափոխված հղին, ում վիճակը բավարար է: