ՀՀ նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ Սահմանադրական դատարան դիմելու և դիմումը հետ վերցնելու հարցի շուրջ որոշումը կախված է միայն Պարույր Հայրիկյանից:
Խոսելով Հայրիկյանի՝ միասնական թեկնածու առաջադրելու առաջարկի մասին՝ բանախոսն ասել է, որ Հայրիկյանն ինքը պետք է առաջինը հանի իր թեկնածությունը, եթե իրոք ցանկանում է, որպեսզի ընդդիմությունը միասնական թեկնածուով հանդես գա:
Բագրատյանը հիշեցրել է, որ իր, Պարույր Հայրիկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև ստորագրվել է փաստաթուղթ, որով պահանջվել է շտկել ընտրացուցակները, ինչը չի արվել իշխանության կողմից, այսինքն՝ արդար ընտություններ սպասել չի կարելի: Այս համատքեստում, ըստ Բագրատյանի, արդեն իսկ սխալ է հայտարարել, որ եթե Սերժ Սարգսյանը ընտրվի արդար ընտրությունների պարագայում, նրան կարելի է շնորհավորել, ինչպես այդ մասին ասել են մյուս երկու թեկնածուները:
«Եթե նրանք չեն հայտարարում, որ ընդդիմություն են և ասում են, որ կշնորհավորեն Սերժ Սարգսյանին, ապա միասնական թեկնածուի անհրաժեշտության մասին խոսելը, հնարավոր է, իշխանության խաղն է, որպեսզի ընդդիմադիր թեկնածու չլինի»,- ասել է Բագրատյանը:
Բանախոսը նշել է, որ գալիք նախագահական ընտրություններում ընտրակեղծիքների նոր մեխանիզմներ են մշակվել: Նա պարզաբանել է, որ անձնագրերը հավաքվում են, որպեսզի եթե նույնիսկ դրանց տերերը չընտրեն, իրենց փոխարեն ընտրություն կատարվի ի օգուտ Սերժ Սարգսյանի: Բագրատյանն ասել է նաև, որ բանակի սպայական անձնակազմն ընտրելու է երկու անգամ՝ որպես զինվորական և քաղաքացիական անձ:
Ըստ «Ազատություն» կուսակցության ղեկավարի՝ իր ընտրարշավը շատ լավ է անցնում: Նա ընդգծել է, որ չնայած Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին «կատարված սարսափելի բաները» հաջողվել է վերագրել իր կառավարությանը և որոշ մարդիկ հանդիպումների ժամանակ դժգոհություն են արտահայտում այդ առումով, շատերն էլ իր վարչապետ եղած տարիների լավ նախաձեռնությունները հիշում են և հիմա էլ հույսեր են կապում իր ծրագիրի հետ: