«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցներ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին:
ՄԻ պաշտանի գրասենյակից Epress.am-ին հայտնել են, որ արգելոցի աշխատակիցները՝ 27 հոգի, ահազանգում են, որ արգելոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը՝ Հրաչյա Հովակիմյանը, ոտնահարում է իրենց աշխատանքային իրավունքները` պահանջելով աշխատանքից ազատման դիմում ներկայացնել:
«Աշխատակիցների խոսքով` ներկայիս տնօրենը, որ աշխատակցի հետ նպատակահարմար չի գտնում աշխատել, ստիպում է ազատման դիմում ներկայացնել՝ առանց հաշվի առնելու աշխատանքային փորձը, կրթությունը, տարիքը: Նորանշանակ տնօրենն ամեն ինչ անում է, որպեսզի աշխատակիցները ցույց տան, որ իր օրոք ՊՈԱԿ-ի աշխատանքի որակը բարձրացել է»,- ասել են ՄԻ պաշտպանի գրասենյակից:
Խնդրի լուծման կապակցությամբ արգելոցի աշխատակիցները գրավոր դիմել են նաև ՀՀ բնապահպանության նախարարին` խնդրելով ՊՈԱԿ-ի հին ու նոր տնօրենների և աշխատակիցների մասնակցությամբ հանդիպում կազմակերպել:
Պաշտպանը «Խոսրովի անտառ»-ի աշխատակիցների դիմումը ընդունել է քննարկման և համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ է ուղարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարարություն և Բնապահպանության նախարարություն: