2010 թվականին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով այսօրվա դատական նիստին միջնորդություններ է արել միայն տուժող կողմը: Այդ մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիայի անդամ Ռուբեն Մարտիրոսյանը:
Տուժող կողմն այսօր միջնորդել է դատարան հրավիրել Նազարյանի գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Եղոյանին, ով Նազարյանի սպանությունից շատ կարճ ժամանակ հետո հեռացվել էր այդ զորամասից:
Մարտիրոսյանը նաև տեղեկացրել է, որ դրանից հետո Եղոյանը հայտնվել է Կապանի զորամասերից մեկում, որից որոշ ժամանակ անց այդ զորամասում սպանվել է մեկ այլ զինծառայող՝ Տիգրան Համբարձումյանը, որից հետո, Մարտիրոսյանի ունեցած տվյալներով, Եղոյանին հեռացրել են համակարգից:
«Երկու գործերով էլ նա վկա է: Մենք միջնորդեցինք, քանի որ նա ցուցմունք է տվել գործով, դատարան հրավիրել հարցաքննության՝ մի շարք կարևոր հարցերի շուրջ: Դատավորն ընդհանրական առումով չմերժեց, բայց, ըստ էության, մերժեց մեր միջնորդությունը՝ ասելով, որ այդ հարցին կանդրադառնա խորհրդակցական սենյակում: Այսինքն՝ դատարան չհրավիրեց: Մենք միջնորդեցինք, որպեսզի դատարան հրավիրվի գործով վկա Համլետ Աղամիրյանը, որը ոչ միայն գործով վկա է, այլև, ըստ փաստաթղթղերի, մասնակցել է տեղազննությանը որպես ընթերակա: Հաշվի առնենք, որ նրա ընկերը՝ Հայկ Հովհաննիսյանը, ով ևս ընթերակա է եղել տեղազննության ժամանակ, դատարանում հայտնեց, որ ինքը ոչ մի տեղազննության չի մասնակցել, ոչ մի պարկուճ կամ զենք չի տեսել և քննչական գործողությունների մասնակից չի դարձել: Դրանից էլ հետևում էր, որ տեղազննության արձանագրությունը կեղծ էր և կազմվել էր հանցավոր ճանապարհով: Այդ իսկ պատճառով խիստ կարևոր էր, որպեսզի Համլետ Աղամիրյանը ներկայանար դատարան, սակայն գրություն էր ստացվել Հրազդանի ոստիկանությունից, որ Աղամիրյանը գնացել է Երևան աշխատանք որոնելու: Մենք կրկին միջնորդեցինք դատավորին, որպեսզի Աղամիրյանին բերման ենթարկելու որոշում կայացնի, և դա նա բավարարեց»,- ասել է Մարտիրոսյանը:
Դատարանում տուժող կողմը նաև հայտարարել էր, որ Նազարյանին վերջին անգամ խոշտանգել են մահվանից ոչ շատ առաջ, և դա մեկնաբանվում է որպես մահվանից րոպեներ առաջ, սակայն Մարտիորսյանը հիշեցրել է, որ գործով դատաբժշկական եզրակացության հեղինակ, դատաբժիշկ Վիգեն Ադամյանը դատարանում հայտարարել է, որ մահվանից ոչ շատ առաջ արտահայտությունը նշանակում է մահվանից 3-5 օր առաջ: Սա ստիպել է Ռուբեն Մարտիրոսյանին, որ նա հարցում կատարի սույն խնդրի շուրջ ՌԴ դատաբժշկական փորձաքննությունների բյուրոյի տնօրեն Կովալյովին:
«Նա, հարգելով իմ խնդրանքը, հայտնեց, որ մահվանից ոչ շատ առաջ արտահայտությունը բժշկական տերմին չէ, դա սովորաբար օգտագործում են այն դատաբժիշկները, որոնք խուսափում են կոնկրետ ժամը նշելուց: Բայց նշել է, որ իր կարծիքով դա նշանակում է մի քանի վայրկյաններից մինչև կես ժամ: Այսպիսով, իմ և պարոն Կովալյովի տեսակետները համընկնում էին, իսկ դատաբժիշկը ակնհայտ կեղծ ցուցմունք էր տվել դատարոնւմ: Դատարանում ես միջնորդեցի, որպեսզի նախագահողը հարցում կատարի առողջապահության նախարարության դատբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենին, որպեսզի վերջինս պատասխանի մեզ հուզող հարցին, թե ինչ է նշանակում մահվանից ոչ շատ առաջ»,- ասել է Ռուբեն Մարտիրոսյանը:
Վերջինս նշել է, որ դատավորը մերժել է միջնորդությունը՝ «իմանալով, որ այն շատ վտանգավոր է»:
Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 26-ին: