ԱԺ Էթիկայի հանձնաժողովն իր երեկվա նիստում որոշում է կայացրել, որ 2012 թվականի նոյեմբերին կոալիցիոն ուժերի պատգամավորների չմասնակցելու պատճառով ԱԺ արտահերթ նիստի չկայանալը էթիկայի նորմի խախտում չէ: Այդ հարցով էթիկայի հանձնաժողով էր դիմել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Ինչպես նշում է «Ժողովուրդ» օրաթերթը երեկ Ռուստամյանի դիմումին դեմ են քվեարկել ոչ միայն հանձնաժողովի կոալիցիոն ներկայացուցիչները՝ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը, այլ նաև ԲՀԿ-ական Վահան Բաբայանը:
Թերթը նշում է, որ սա տեղի է ունեցել այն դեպքում, երբ ժամանակին ԲՀԿ-ն ևս արտահերթ նիստ հրավիրողների թվում էր և ստորագրել էր այդ նախաձեռնության տակ: Հանձնաժողովում ԲՀԿ-ականի ձայնը որոշիչ է եղել, քանի որ անցյալ տարի կատարված փոփոխություններից հետո ԱԺ էթիկայի հանձնաժողովում ներկայումս 3-ական պատգամավոր ներկայացնում են իշխանությունը (ՀՀԿ-ը և ՕԵԿ) ու ընդդիմությունը (ՀԱԿ, ՀՅԴ, Ժառանգություն) և մեկ ԲՀԿ-ական պատգամավոր այլընտրանքային ուժը: Նշենք, որ Էթիկայի հանձնաժողովում հարցն անցնում է, եթե կողմ են քվեարկում 4 պատգամավորներ: Երեկ Ռուստամյանի դիմումին կողմ են քվերակել միայն ընդդիմադիր ուժերի 3 պատգամավորները:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Բաբայանն ասել է, թե Ռուստամյանի դիմումի մեջ իրավական անընդունելի ձևակերպումներ կան: Էթիկայի հանձնաժողովի փոխնախագահ, ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը թերթին ասել է, որ հանձնաժողովն այլևս իր նպատակին չի ծառայում, քանի որ քվեարկություններն արդեն կանխորոշված են, ու ՀԱԿ-ը ճիշտ կանի՝ քննարկի հանձնաժողովի աշխատանքներին իր հետագա մասնակցության նպատակահարմարությունը: