«Ազատություն» կուսակության առաջնորդ Հրանտ Բագրատյանը հրավիված է եղել դեկտեմբերին կայացած ՀԱԿ Քաղխորհրդի նիստին, որին պետք է քննարկվեր ընտրությունների մասնակցության ձևաչափը, սակայն նիստին չի մասնակցել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀԱԿ համակարգող, ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
«Հիմնական առանցքն այն էր, որ Սերժ Սարգսյանը ստեղծել է ձայների կեղծման մեքենա, և դա հնարավոր էր ջարդել միայն հզոր հասարակական համախմբամբ:
Դա անել չստացվեց, քանի որ ահաբեկեցին, խանգարեցին»,- ասել է Զուրաբյանը:
Նա պատմել է, որ դեկտեմբերի քաղխորհրդի նիստին ներկա ՀԱԿ անդամները եկել են եզրակացության, որ նման պայմաններում ընտրություններին մասնակցությունը կբերի դրանց լեգիտիմացման:
«Ամենատխուրն այն էր, որ Բագրատյանը կարող էր գալ, այդ մթնոլորտը ջարդել, այդ հնարավորությունն ինքը ունեցել է»,- ասել է Զուրաբյանը՝ հայտարարելով, որ Բագրատյանը որպես քաղաքական գործոն ազդեցիկ չէ:
Հրանտ Բագրատյանի մամուլի խոսնակ Կարինե Հարությունյանը հրաժարվել է մեկնաբանել Զուրաբյանի խոսքերը: Epress.am-ի հետ զրույցում նա ասել է, որ նախագահի թեկնածուն այդ թեմային բազմիցս անդրադարձել է, և նոր մեկնաբանության կարիք չկա: