Պարույր Հայրիկյանն իր դեմ իրականացրած մահափորձի վերաբերյալ հարուցված քրեական գործից տեղյակ է այնքանով, որքան ցանկացած այլ քաղաքացի և չի ցանկանում այդ մասին խոսել:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը չի պատասխանել, թե արդյոք ձերբակալվածների հետ առերեսում է ունեցել, թե ոչ: Հայրկյանն ասել է, որ չի ցանկացել նայել ձերբակալվածների լուսանկարներին:
Նախագահի թեկնածուն չի մեկնաբանել այն վարկածը, թե իբր թեկնածուներից մեկը՝ էպոսագետ Վարդան Սեդրակյանն է կազմակերպել իր դեմ մահափորձը:
«Ես այդ մարդու նկատմամբ տարօրինակ զգացում ունեմ: Նա մի անգամ հայտարարել է, թե իր մեքենան իմ մեքենայից լավն է: Մտածեցի՝ ինչ արած, մարդը նյութապաշտ է: Հետո հայտարարեց, որ իր մեքենան ինձանից՝ Հայրիկյանից լավն է»,- ասել է Հայրիկյանը:
Վարդան Սեդրակյանը, Epress.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայրիկյանի գնահատականին, ասել է, որ իր խոսքերը հետ չի վերցնում:
Նախագահի թեկնածուն ընդգծել է, թե Հայրիկյանն ասել էր, որ որոշել էր չդիմել ՍԴ, քանի որ իր վարկանիշը աճում էր: Ըստ Սեդրակյանի՝ նման պատճառ բերել չի կարելի, քանի որ Սահմանադրությունը նախատեսում է ընտրությունների հետաձգում ոչ թե թեկնածուներից մեկի վարկանիշի աճի, այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքում:
«Ես էլ կատակով ասեցի, որ վարկանիշս բարձրացնելու համար կարող եմ մեքենաս վառել: Հետո, երբ Հայրկյանը որոշեց չդիմել, լրագրողները հարցեցին՝ ինչու չեմ վառել մեքենաս, ասացի, որ այն Հայրկյանից թանկ է»,- ասել է էպոսագետը: