Վերջերս մամուլում մի շարք հրապարակումներ եղան, ըստ որոնց՝ Հայաստանը, (մասնավորապես Սյունիքի մարզը) և Իրանը (մասնավորապես, Արևելյան Ադրբեջան նահանգը) պատրաստվում են ստորագրել համաձայնագիր, որով Սյունիքի մարզը 5 տարով վարձակալությամբ արոտավայրեր կտրամադրի Արևելյան Ադրբեջանից մի քանի հազար գլուխ մանր ու խոշոր եղջերավոր անասունների արածեցման համար:
Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյսին այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ այս մասին որևէ պայմանագիր ստորագրված չէ, և դեռ բանակցություններ եմ ընթանում:
Դեսպանը փորձել է շրջանցել «Առավոտի» լրագրողի հարցը, թե արդյոք առաջարկը իրանական կողմինն էր, թե՝ հայկական: Նրա խոսքով՝ առաջարկը կարող էր լինել իրանական կողմից, բայց ձեռնտու է երկու երկրներին էլ:
Դեսպանի խոսքով՝ Իրանը արոտավայրերի խնդիր չունի, ուղղակի մարզպետներից մեկի հետ հանդիպման ժամանակ ինքը նման խորհուրդ է տվել: «Ամենամոտը Իրանին Սյունիքի մարզն է… Կրկնում եմ, այս պահին որևէ փաստաթուղթ պաշտոնապես չի ստորագրվել, և դուք գիտեք, որ ցանկացած փաստաթուղթ հաստատվում է նաև Ազգային ժողովի կողմից»,- ասել է դեսպանը: