Home / Հայաստան / «Դժոխք էր ստեղծել իմ համար». Դատապարտյալը մաշկի տակ 29 ասեղ է մտցրել

«Դժոխք էր ստեղծել իմ համար». Դատապարտյալը մաշկի տակ 29 ասեղ է մտցրել

«Հրազդան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Համլետ Ղազարյանը որովայնի շրջանում մաշկի տակ 29 ասեղ է մտցրել և հրաժարվում է դրանք հանել, քանի դեռ իրեն չեն այցելել լրագրողները, ՀԿ-ների ներկայացուցիչներ և չեն լսել իր բողոքը: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Դատապարտյալը ներկայումս գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում. ասեղներից մի մասը հեռացրել են, սակայն մնացածը նա չի թողնում հանեն, քանի դեռ իր պահանջը չի բավարարվել:

Թերթը նշում է, որ գողության համար 6 տարի առաջ դատապարտված Համլետ Ղազարյանը նման ծայրահեղ քայլի, իր իսկ խոսքով, գնացել է «Հրազդան» ՔԿՀ-ի պետի՝ Տիգրան Նավասարդյանի պատճառով:

«Ինձ անընդհատ ծեծում էր, դժոխք էր ստեղծել իմ համար: էն բանի համար, որ ես ու կինս բողոքներ էինք ներկայացրել նախագահին: Ինքը ստիպում էր, որ հետ վերցնեմ նախագահին գրած դիմումներս, արդարադատության նախարարին գրած բողոքները», – պատմել է թերթի խմբագրություն զանգահարած դատապարտյալը:

Նա հիմնարկի պետին ասել է, որ եթե ճնշումները շարունակվեն, կդիմի ինքնասպանության: Ղազարյանի խոսքով՝ Նավասարդյանը հեգնանքով հակադարձել է, թե ո՞ւր է քեզ այդքան տղամարդկություն:

«Ուզում էի ինքնասպան լինել, պրծնել», – ասել է դատապարտյալը:

Ղազարյանը նշել է, որ «Հրազդան» ՔԿՀ-ի պետը, բացի դիմումները հետ վերցնելու պահանջից, իրեն ստիպել է նաև կեղծ ցուցմունքներ տալ:

«Մեր խցում ջահել էր մահացել, ղումար էր խաղացել, կրվել էր, սպանել էին: Պետն էլ ստիպում էր, որ սուտ ցուցմունք տամ», – նշել է դատապարտյալը:

Ղազարյանն ընդգծել է, որ իր նկատմամբ կիրառվող ճնշումների վերաբերյալ նամակ է գրել Արդարադատության նախարարին, սակայն ոչ մի պատասխան չի ստացել:

Քրեակատարողական հիմնարկների մամուլի ծառայությունից «Հրապարակ»-ին փոխանցել են, որ Ղազարյանը «Դատապարտյալների հիվանդանոց» է տեղափոխվել դեկտեմբերի 21-ին: Բժիշկները նրա մոտ ախտորոշել են թոքերի տոբերկուլյոզ՝ քայքայման փուլում, ինչպես նաև էմոցիոնալ խանգարում: Ասեղների մի մասը հանել, իսկ մնացածը հանելու համար առաջարկվել է վիրահատության դիմել, սակայն Ղազարյանը խնդրել է դրանց հեռացումը հետաձգել, մինչև ինքը լավ զգալու դեպքում դիմի վիրահատության համար:

Բժիշկների փոխանցմամբ՝ մաշկի մեջ մնացած ասեղները վտանգավոր չեն և խնդիրներ չեն առաջացնում: Ինչ վերաբերում է «Հրազդան» ՔԿՀ-ի պետին հասցեագրված մեղադրանքներին, ապա քրեակատարողական հիմնարկների մամուլի ծառայությունից թերթին հայտնել են, որ դա դատապարտյալի իրավունքն է, նա իր խնդրի հետ կապված բազմաթիվ դիմումներ է գրել համապատասխան կառույցներին, որոնք էլ կզբաղվեն այդ հարցով: