Ո՛չ Ղարաբաղը, ո՛չ Հայաստանը երբևէ չեն քաղաքականացրել և մտադրություն չունեն քաղաքականացնելու Ստեփանակերտի օդանավակայանի բացման հարցը: Այս մասին երեկ Թբիլիսիում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության լրագրողի խնդրանքին դիրքորոշում հայտնել «Խոջալուի օդանավակայանի բացման վերաբերյալ»: Հարցը հնչեցնելիս՝ լրագրողը նաև ասել է, որ «դա անօրինական քայլ է Հայաստանի կողմից»:
«Առաջին, գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն Լեռնային Ղարաբաղի՝ Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ: Այդ հայտարարությունը կոչ է անում կողմերին չքաղաքականացնել օդանավակայանի բացման հարցը:
Ադրբեջանն իր ամենօրյա հայտարարություններով քաղաքականացնում է այն, ուստի խախտում է բոլոր պարտավորությունները, որ ստանձնել է համանախագահների առաջ:
Երկրորդ, համանախագահները կոչ են արել չկիրառել ուժ կամ ուժի սպառնալիք քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ: Ո՛չ Հայաստանը և ո՛չ էլ Ղարաբաղը երբևիցե չեն սպառնացել ուժ կիրառել քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ:
Ադրբեջանը սպառնացել և շարունակաբար սպառնում է ուժ կիրառել քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ` խախտելով համանախագահների առաջ այդ հարցի վերաբերյալ ստանձնած պարտավորությունները:
Դուք գիտեք, որ համանախագահները նաև նշել էին, որ Ստեփանակերտի օդանավակայանի բացումը չպետք է կանխորոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:
Ո՛չ Հայաստանը, ո՛չ Լեռնային Ղարաբաղը երբևէ չեն կապել Ստեփանակերտի օդանավակայանի բացումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, այդ թվում նաև` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ», – Էդվարդ Նալբանդյանի խոսքերն է փոխանցում ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նախարարի խոսքով՝ բազմիցս Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ Ստեփանակերտում օդանավակայանի բացումը հետապնդում է միայն հումանիտար և քաղաքացիական նպատակներ:
«Հարկավոր է իրերին նայել այնպես, ինչպես դրանք կան, և չսրել իրավիճակը հայտարարություններով, որոնք հակասում են համապատասխան միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով արտահայտվող միջազգային հանրության մոտեցումներին», – եզրափակել է Նալբանդյանը: