Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ՝ այսօր «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման, հայտնում է «Փաստինֆո»-ն:
Դատարանն այսպիսով հաստատված համարեց ամբաստանյալին ներկայացված խարդախության մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ու դատապարտեց 4 տարվա ազատազրկման, իսկ վաշխառության հոդվածը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով վերաորակեց նույն հոդվածի 1-ին կետով և այդ հոդվածով նշանակված 1 տարվա ազատազրկման պատժից ազատեց՝ ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ ընդունված համաներման մասին որոշմամբ:
Գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Սամվել Հարությունյանն իր մեղադրական ճառում հիմնավորված էր համարել առանձնապես խոշոր չափերի խարդախության և տուժողին ծանր կացության հասցրած վաշխառության՝ ամբաստանյալ Սամսոն Ղազարյանին ներկայացված մեղադրանքը և միջնորդել ամբաստանյալին դատապարտել 5 տարվա ազատազրկման:
Պաշտպանական կողմը, հակառակը, գտնում է, որ մեղադրանքն անհիմն է, ուստի միջնորդել էր կայացնել արդարացման դատավճիռ: Ամբաստանյալն այսօր իր վերջին խոսքում հայտարարել էր, որ նախաքննությունն անց է կացվել միակողմանի, խոչընդոտվել է իր պաշտպանվելու հնարավորությունները, անգամ նախաքննական ցուցմունքներ տվել է իր նախաձեռնությամբ, իսկ նախաքննության ավարտի դեմ իր բողոքը մերժվել է ՀՀ Սահմանադրության ու Պարույր Հայրիկյանի ծննդյան օրը և գործն «հապճեպ ուղարկվել է դատարան»:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Ղազարյանը հայտարարեց, որ անպայման բողոքարկելու է դատավճիռը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Լուսանկարը՝ «Փաստինֆո»-ի