«ՀՀ նախագահի ընտրություններ» վերնագրված առաջիկա միջոցառումը, որ նշանակված է փետրվարի 18-ին, ոչ միայն չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված տրամաբանությանը, այլև հակասում է դրան։ Այս մասին ասված է ՀԱԿ-ի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված հայտարարության մեջ:
«Սահմանադրությամբ նախատեսված ընտրություններում ժողովուրդը պետք է որոշում կայացնի, թե ով լինի Հայաստանի նախագահ։ 2008թ. Մարտի 1-ի արյունալի հեղաշրջման միջոցով իշխանության եկած խմբավորումը, սակայն, նաև մեր՝ ընդդիմության սխալների պատճառով, կարողացել է ստեղծել մի աննախադեպ վիճակ, երբ ոչ միայն ժողովուրդը չի որոշելու, թե ով լինի ՀՀ նախագահ, այլև նախագահի նստավայրը զավթած անձն է փաստացի ցանկանում որոշել, թե ի՞նչ անի ժողովուրդը և ինչպես։ Սերժ Սարգսյանն, ընդ որում, չի էլ թաքցնում մտադրությունը, թվեր խփելու իր անսահմանափակ կարողությամբ՝ տղայաբար պարծենալով։ 2008 թվականի Համաժողովրդական շարժման հարթակին գտնվող մարդու համար չափազանց դժվար է, բայց ժողովրդի առաջ անկեղծ լինելու պարտավորությունս ստիպում է խոստովանել. առաջիկա ընտրությունը ոչ միայն չի լուծելու ՀՀ քաղաքացուն իշխանության իրական կրողի գործառույթով օժտելու խնդիրը, այլև ավելի է սրելու այն», – ասված է հայտարարության մեջ:
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում փետրվարի 18-ին, որևէ պարագայում և պայմանով, ձայն չտալ 2008թ. հեղաշրջման առանցքային կազմակերպիչներից մեկին՝ Սերժ Սարգսյանին, այդպիսով՝ ընդդեմ Հայաստանում հաստատված քոչարյանասերժական հուսահատության, արտահայտել հստակ դիրքորոշում՝ լինի դա առաջադրված ընդդիմադիր թեկնածուներից որևէ մեկի օգտին քվեարկելով, քվեաթերթիկը փչացնելով, թե ընդհանրապես՝ ընտրական տեղամաս չգնալով։
«Խոստովանելով հանդերձ, Հայաստանում հաստատված քաղաքական և քաղաքացիական փակուղու փաստը, Հայաստանի քաղաքացիներին, Սփյուռքի մեր հայրենակիցներին լավատեսության եմ կոչում։ Հայաստանի Հանրապետությունը ունի՛ Ապագա, քանի դեռ չենք հրաժարվել հանուն նրա պայքարելուց, քանի դեռ չենք հրաժարվել մեր երեխաներին Ազատ և Երջանիկ Հայաստան ժառանգելու պարտավորությունից։ Չենք հրաժարվել ու չենք հրաժարվի։ Պարտավորությունը ստանձնել ենք, պարտավորությունը ենթակա է իրագործման։ Եվ ուրեմն՝ Կեցցե Ազատությունը, Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում», – եզրափակում է Փաշինյանը: